Երկու օր է, ինչ իր ֆեյսբուքյան ակտիվությամբ է աչքի ընկնում պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ընդ որում՝ նրա ակտիվությունը տարածվում է նաև իր էջի վճարովի գովազդի տարածումով: Դա, թերեւս, պայմանավորված է նախընտրական շրջանով, քանի որ ՀՀԿ-ն, կարծես թե, մասնակցելու է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, իսկ Վիգեն Սարգսյանն էլ ցուցակը գլխավորելու հավակնորդ է:

Երեկ Սարգսյանը հայտարարել էր, թե  պետք չէ «խռովել» ժողովրդից և իշխանությունը կորցնելուց հետո որպես ընդդիմություն պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով ուղղել սխալներն ու ապաշխարհել: Տպավորություն է, որ ՊՆ նախկին ղեկավարը ակնարկում է, թե մինչ այժմ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող փոփոխությունները հիմնականում խոսքի, այլ ոչ թե գործնական հարթության մեջ էին: Գործնական քայլերի բացակայությունը, փաստորեն, ՀՀԿ-ին կանգնեցրեց իշխանության կորստի փաստի առջև: Միայն թե հասկանալի չէ, թե ինչպես է պատրաստվում այսօր ապաշխարհել Հանրապետական կուսակցությունը, այն էլ՝ պրակտիկորեն: Оլիգարխիայի ինքնահեռացումը ՀՀԿ-ից՝ դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ն դադարել է ասոցացվել նախկին համակարգի հետ, մանավանդ որ՝ կուսակցության ղեկին շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, որն ուղղակիորեն ասոցացվում է քրեաօլիգարխիայի հետ։ ՀՀԿ-ում տեղի չի ունեցել ռեբրենդինգ, ու եթե արդիականացման ցուցիչ է համարվում միայն համամասնական ցուցակի տեսանելի, երևացող մասը, ապա ՀՀԿ համամասնական ցուցակը քաղաքական էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններում…

 

Իր մեկ այլ գրառմամբ՝ Վիգեն Սարգսյանը հարց է տալիս, թե արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու ՀՀԿ քայլի պատասխանը պետք է լիներ լյուստրացիան կամ նախկիններից թշնամի կերպարի կերտումը, սեփականության վերաբաշխումը: Ինչ-որ տեղ ՊՆ նախկին ղեկավարը իհարկե ճիշտ է՝ նոր իշխանությունների կողմից քաղաքական դաշտը «սևերի» և «սպիտակների» բաժանելու մարտավարությունը որևէ կերպ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության մեջ: Անգամ եթե ՀՀԿ-ն գործել է սխալներ, իսկ ՀՀԿ-ն սխալներ անշուշտ գործել է՝ արդյո՞ք դրա միակ պատասխանը լյուստրացիան է, թե՞ ավելի ուժեղ և ավելի լավ Հայաստանի կառուցումը: Իրականում, ՀՀԿ թողած ավերակների վրա ոչ թե քաղաքական դիվիդենտներ է պետք հավաքել, այլ անհրաժեշտ է նախ մաքրել այդ ավերակները, այնուհետև դրանց վրա որակապես նոր Հայաստան կառուցել: Հակառակ դեպքում, այդպես էլ կմնանք «սևերի» և «սպիտակների» ճամփաբաժանի վրա: 

Ս.Խաչատրյան