Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: Բոլոր արատավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել, խոսում են դիկտատուրայից։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն: Իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը, կամ խաբում են մարդկանց»,-ասաց Միրզոյանը։

 

Նա նշեց, որ նախքան հեղափոխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալական կարգեր էին գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին:

Հարցին, թե ՀՀԿ-ն Ազգային ժողով անցնելու շանս ունի՞, Միրզոյանը պատասխանեց․ «Էդ արդեն քաղաքացիները պիտի որոշեն։ Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է ընդհանրապես քվեարկել ՀՀԿ օգտին»։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պնդել է, որ միակ ընդդիմությունն է լինելու, առաջին փոխվարչապետն արձագանքեց․

«Այդ դիսկուրսը ինձ չի հետաքրքում, թող իրենք կողմնորոշվեն՝ ով է իրական, ով՝ ոչ։ Ես չիրական ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դասագրքային բանաձև կա. բոլոր նրանք, ովքեր կառավարությունում ընդգրկված չեն, ընդդիմություն են»։