Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկեր Հայկ Բաբայանը հանրությանը շուտով կներկայացնի ՝ կարճամետրաժ ֆիլմը, որը, ըստ իրեն՝ շատ հնարավոր է, որ ի վերջո ստանա «Կյաժը» անվանումը։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր Հայկ Բաբայանը խոստանում է, որ հանրությանը կհետաքրքրի «Մոնումենտցի Կյաժի» մասին պատմող ֆիլմը, քանի որ շատերը չեն ճանաչում նրան։ ԼՈՒՐԵՐ․com-ը ֆիլմի ստեղծման գաղափարի, նշանակության և դետալային առանձնահատկությունների մասին զրուցել է հենց հեղինակի՝ Հայկ Բաբայանի հետ։ Ի դեպ՝ նշենք, որ այս ամսվա 16-ին Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 22-րդ տարեդարձն էր։
Նշենք նաև, որ ֆիլմի բեմադրող օպերատորն է Գաբրիել Միրաքյանը, իսկ գլխավոր դերակատարներն են Գառնիկ Օհանյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
- Ես և Կյաժը մեծացել ենք նույն թաղամասում. երկուսս էլ մոնումենտցի ենք։ Խոսել Կյաժի մասին՝ նշանակում է խոսել մի ազնիվ, մաքուր, հասնող, հավատարիմ ու խիզախ մարդու մասին։ Մեր թաղամասի սիրելի մարդկանցից էր։ Անծանոթ տիկնոջից վերցնում էր ձեռքի ծանր իրերն ու օգնում, ուղեկցում։ Լինելով ինձնից փոքր, ինձ ասում էր՝ դուխով, ինձ ասում էր՝ Հա՛յկ, մի բան լինի՝ ինձ ասա։ Հասուն էր շատ։ Վերջին անգամ, երբ իրեն տեսնելիս գրկել եմ՝ մինչև հիմա այդ ջերմությունը մնացել է մեջս։
Մոնումենտի ամեն փողոց ու ծառ այսօր նրան է հիշեցնում։ Երբեք ոչ ոքի նեղություն չէր տա, ինքնուրույն էր շատ ու շատ հարցերում։ Նրան, որպես Ռոբերտ՝ շատերը նույնիսկ չեն էլ ճանաչել. բոլորը Կյաժ են ասել։Ինչո՞ւ որոշեցիք հենց նրա մասին պատմող ֆիլմ նկարահանել և որտեղի՞ց ծնվեց այդ գաղափարը։
- Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ես ևս գտնվել եմ դիրքերում, բայց ոչ Արցախի։ Թե Ինչ ապրումներ եմ ունեցել երբ զանգարեցին ու ինձ հայտնեցին որ արդեն Կյաժին են փնտրում՝ մեկ Աստված գիտի, մեկ՝ ես։ Չկարողացա գնալ հուղարկավորությանը, որովհետև այդ պայմաններում, այդ իրավիճակում արձակուրդը բացառված էր։ Դրանից հետո ես երազիս մեջ առաջին անգամ տեսա Կյաժին. տխուր նստած էր: Հարցրեցի՝ Կյա՛ժ, ո՞նց ես, ո՞նց եղավ էս ամենը: Այդտեղ գլուխը բարձրացրեց ու տխուր ձայնով ընդամենը արտաբերեց մի քանի բառ։ Ցավոք, ես չեմ կարող հանրայնացնել այն բառերը, որոնք ինձ ասաց Կյաժը՝ երազումս։ Շատ վտանգավոր բան կլինի դա բարձրաձայնելը։ Դա շոկ կլինի բոլորի համար։ Ես դա չեմ ասի դեռ։ Հետո անցան ամիսներ, և ես որոշեցի այդ երազից ոգևորված՝ սկսել ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Իրականում բարդ էր ամեն ինչ, շատ բարդ, շատ նուրբ ու զգայական հարցեր կան այստեղ։ Բայց ռեժիսուրան հաղթահարում է ամեն ինչ։ Որպես ռեժիսոր, ներքին պահանջ կար իմ մեջ, որ ֆիլմերիցս մեկը պետք է լինի լուսավոր մոնումենտցու՝ մի լուսավոր մարդու ու հերոսի մասին, որին ճանաչել եմ անձամբ։
Ի՞նչ գաղտնի բառերի մասին է խոսքը, որոնք իրենցից այդքան մեծ վտանգավորություն են ներկայացնում։
-Այդ բառերը բարձրաձայնելը ես համարում եմ վտանգավոր:
Այդ ամենի մասին գոնե ֆիլմում կխոսվի՞, թե՞ դա մինչև վերջ կմնա Ձեր և Ռոբերտ Աբաջյանի գաղտնիքը։
-Այդ բառերը ինչ-որ չափով վերածվել են կադրերի։ Բայց ես այդ բառերը դժվար բարձրաձայնեմ․ բարդ է ու դաժան․․.
Ո՞րն է ֆիլմի գլխավոր ուղերձը:
-Իմ այս կարճամետրաժ «Շիկահեր տղան» ֆիլմը, որի օպերատորը ընկերս է՝ Գաբրիել Միրաքյանը, ոչ մի ուղերձ չունի։ Որովհետև սա հայրենասիրություն քարոզելու համար չի նկարվել։ Այստեղ շատ բարդ մի համակարգ է, որը սկսվում է սովետից մինչև մեր օրերը։ Չկա ուղերձ, կա զգացողությունների, հիշողությունների, պատկերների, ենթատեքստերի ու կոդերի մի աբողջ շղթա․ Նա, ով խորաթափանց եղավ, ֆիլմը կապրեցնի իր մեջ։ Ռեժիսուրան խորթափանցների համար է։
Ի՞նչ դրվագներից է կառուցված ֆիլմը։
-Ֆիլմը կարճամետրաժ գեղարվեստական է։ Բայց բացի բեմադրված հատվածներից, կան նաև փաստագրական կադրեր տարբեր ժամանակաշրջաններից, ինչն ինքնանպատակ չէ, այլ լրացնում է ամբողջ ասելիքը։ Տպավորություն է, թե ֆիլմը կարծես մի երազ լինի՝ կարճ երազ։
Ըստ Ձեզ՝ հանրությունը պատրա՞ստ է Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող ֆիլմին։
-Հանրության պատրաստ լինել-չլինելն ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Երգիչը երգում է, ատամնաբույժը ատամ է բուժում, գեղանկարիչը նկարում է, կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծում, իսկ ռեժիսորն էլ պետք է ֆիլմեր ստեղծի։ Բնական պրոցես է։ Ավելին ասեմ՝ ֆիլմի արձագանքներից երևաց, որ հանրությունը սպասում էր այսպիսի ֆիլմի։
Հա՛յկ, ֆիլմում կա՞ն դրվագներ, որոնք կզայրացնեն կինոդիտողին, ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին։
-Հազար մարդ, հազար հանդիսատես․ ֆիլմն անցնում է իր ճանապարհը։ Չեմ կարծում՝ այնտեղ կլինեն տեսարաններ կամ դրվագներ, որ ինչ-որ մեկին կզայրացնեն՝ բացառությամբ, գուցե, որոշ կոմունիստների (ժպտում է․խմբ) ։
Իսկ առհասարակ, հանդիսատեսը ֆիլմում պատերազմական գործողություններ թող չսպասի։ Ռեժիսուրան ավելի խորքային արվեստ է։
Ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է ֆիլմն անվանել «Շիկահեր տղան»։
-Վերնագրերի հանդեպ շատ խստապահանջ եմ և դա շատ կարևոր է։ Կարող էր ասենք լինել պարզապես «Կյաժ», բայց ինչ-որ թերի բան կա գեղարվեստական առումով։ Իսկ «Շիկահեր տղա»-ն շատ բանաստեղծական է հնչում։
Ի՞նչ դերակատարում ունի Կոմանդոսն այդ ֆիլմում։
-Այո՛, ֆիլմում իր «մեխ» դերակատարումն ունի նաև Արցախի կենդանի հերոս, լեգենդար Կոմանդոսը։ Նա ամբողջացնում է ֆիլմը ընդամենը մեկ բառով: Դա էլ կտեսնեք արդեն ֆիլմում։ Ես կինոում շատ բառեր չեմ սիրում, դա իմ ռեժիսուրայի հետ այնքան էլ կապ չունի։ Բայց Կոմանդոսի հայացքն այդ ֆիլմով կմնա պատմության մեջ. ես դրանում վստահ եմ։
Ֆիլմը ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել հանրությանը։
-Ֆիլմը հանրության դատին կներկայացնենք այս տարի. կամ նոյեմբերին, կամ՝ դեկտեմբերին։
Մի քանի բառով կներկայացնե՞ք, թե Ռոբերտ Աբաջյանն ով էր Ձեզ համար։
-Մարդ, որը երբեք չէր դավաճանի իր մտերիմին։ Մարդ, որը շատ էր սիրում էս կյանքը. բոլորիցս շատ։
Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի