Բոլորիս է հայտնի, որ հանրության դիմագիծը նրա երիտասարդությունն է: Դեռևս 19-րդ դարի վերջին, 20-ի սկզբներին հայ բարեգործները՝ Արամյանցը, Մանթաշյանցը, Գյուլկբենկյանը, ամեն միջոց ու ներդրում անում էին, որպեսզի հայ երիտասարդության սերուցքը ստանա պատշաճ կրթություն և պիտիանի լինի հայ ազգին:

Այս առիթով թերևս տիպիկ է Նժդեհի միտքը՝ «եթե ուզում ես նայել ազգիդ ապագային, նայիր նրա երիտասարդությանը»: Մեր օրերում ևս երիտասարդությունը՝ հատկապես ուսանողությունը, միշտ ուշադրության կենտրոնում է:
Կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների և երիտասարդների դերակատարումը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը:


Ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ամեն տարի մի քանի անգամ ավելացվել է անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը՝ նրանց շարքերում ընդգրկելով նաև սիրիահայ ու սփյուռքից հայրենիք եկած մի քանի տասնյակ ուսանողների: 2009 թվականին Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար էր հատկացրել Հայաստանի մայր բուհին` ԵՊՀ-ին, անապահով ուսանողների վարձերը վճարելու համար: Եվս 10 միլիոն դրամ հատկացվել է Հայբուսակ համալսարանին: Մեծածավալ միջոցառումներ են կազմակերպվել Հայոց բանակի ստեղծման 17-ամյակի, Ուսանողության միջազգային տոների կապակցությամբ: Այս ամենից զատ` Փարիզի կենտրոնում ձեռք է բերվել արվեստանոց-տարածք, որտեղ մշակույթի ոլորտի ուսանողները կարող են անվճար վերապատրաստվել:


Ամեն տարի` նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազգային օրը, արդեն տարիներ շարունակ հազարավոր երիտասարդների հետ տոնում է նաև Գագիկ Ծառուկյանը և նրանցից լավագույններին պարգևատրում բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով: Վերջին տարիներին հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի ամենատարբեր երկրներից:


Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ արդեն 3 տարի անընդմեջ բարձր առաջադիմություն ունեցող լիբանանահայ երիտասարդները Հայաստանի Բուհերում սովորելու հնարավորություն են ստանում: Ծրագրի մասին Գ. Ծառուկյանը բարձրաձայնել էր դեռ 2015 թ-ին՝ Լիբանան կատարած այցի ընթացքում: Հաջողությամբ մեկնարկած ծրագիրը, խոստման համաձայն, շարունակություն է ստացել: Հավատարիմ մնալով խոստմանը՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ է հանդիպել ՀՀ-ում սովորող 18 լիբանանահայ ուսանողների հետ և հայտնել, որ հիմնադրամն այս տարի ևս փոխանցելու է նրանց ուսման ամբողջ վարձավճարը: