Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում տեղական կամ պետական միջոցների հաշվին, թեեւ 2018 թվականին իրականացվել են նկատելի աշխատանքներ կենսագործունեության տարբեր ոլորտներում, այդուհանդերձ, դեռեւս առկա են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, բնակավայրի հիմնական խնդիրները կապված են ոռոգման ու խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման եւ գետի հունի կառուցապատման հետ: «Այս ուղղությամբ աշխատանքներ տարել ենք, սակայն միջոցների սղության պատճառով դրանք մնում են անբավարար: Խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգման կարիք ունի մոտ 40 կիլոմետր երկարությամբ: Բարվոք վիճակում չեն նաեւ աղբյուրակապերը: Ոռոգման ջրի մատակարարման բարելավման համար հարկավոր է մայր առվի հիմնանորոգում կատարել: Նորակառույց թաղամասերում գազատար ցանցի կառուցման կարիք կա, կրթահամալիրում՝ հիմնանորոգման: Վարդենիկով հոսող Վարդենիս գետը վարարումների ընթացքում վնասներ է հասցնում տնտեսություններին, ինչի կանխարգելման համար անհրաժեշտ է գետի հունը գաբիոնապատել մոտ 2 կիլոմետր երկարությամբ»,-ներկայացրեց Հովիկ Հովեյանը՝ հավելելով, որ բոլոր խնդիրները ներկայացվել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը:
Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ 2019 թվականի ընթացքում պետական ու տեղական ներդրումների հաշվին հնարավոր կլինի լուծում տալ հիմնախնդիրների որոշակի մասին:
Խոսրով Խլղաթյան