ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը այսօր անկեղծացել էր, հայտարարելով, որ ինքը որևէ պաշտոնից կառչած չէ, ավելին՝ պաշտոնը իր համար բեռ է և մեծ պատասխանատվություն:
Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ վերադասավորումներ կատարեց պետական գերատեսչություններում, շատերը, ովքեր համարվում էին նախորդ ռեժիմի սպասարկուներ, հրաժեշտ տվեցին զբաղեցրած պաշտոններին: Ինչ վերաբերվում է Շաբոյանին, ապա պետք է նշել, որ նա այն պաշտոնյան է, ով տարիներ շարունակ դեմքի նույն արտահայտությամբ մշտապես պնդել է՝ Հայաստանում մենաշնորհ չկա: Հեղափոխությունից հետո Փաշինյանն անհաշտ պայքար հայտարարեց կոռուպցիային և տնտեսական մենաշնորհներին, իսկ Շաբոյանն էլ պահպանեց իր պաշտոնը՝ պայքարելու մի բանի դեմ, որի գոյությունը անգամ չէր ընդունում: Համաձայնեք, տարօրինակ է…
Այն, որ Փաշինյանը ու Շաբոյանը դեռևս տարիներ առաջ մեկը մյուսի հասցեին զանազան մեղադրանքներ էին հնչեցնում՝ գիտեն բոլորը: Մասնավորապես, ՏՄՊՊՀ ղեկավարը հայտարարում էր, որ Փաշինյանը բացի պոպուլիստական և դեմագոգիական հայտարություններ անելիս, ուրիշ վերլուծություն չունի, ինչին ի պատասխան այն ժամանակ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը կարծիք էր հայտնել, թե Շաբոյանը հավանաբար օլիգարխներից օր ու մեջ ներողություն խնդրելու առիթներ շատ է ունենում և նաև կանխատեսել էր, որ ՏՄՊՊՀ նախագահը մոտ ապագայում ներողություն կխնդրի իր պահվածքի և ստերի համար:
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ է, իսկ օլիգարխներից օրումեջ ներողություն խնդրող պաշտոնյան ոչ միայն հանրության առաջ մեղայականով հանդես չի եկել, այլ նաև պահպանել է իր աթոռը: Ինչպե՞ս է ստացվում, որ սուտասանը համաձայնել է աշխատել պոպուլիստի հետ, իսկ պոպուլիստն էլ սուտասանին աշխատանքից չի ազատել: «Փաշինյանի ինչի՞ն է պետք Շաբոյանը» հարցը ունի մեկ հստակ պատասխան: Արտակ Շաբոյանը տարիներ ի վեր եղել է գործող տնտեսական օլիգարխիայի կտուրը, նա ծանոթ է բոլոր կոռուպցիոն սխեմաներին, գիտի մենաշնորհներից յուրաքանչյուրի առաջացման ուղին և, իհարկե, հսկայական կոմպրոմատների թղթապանակ ունի՝ քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր տնտեսական սուբյեկտների վրա: Շաբոյանը Փաշինյանին պետք է, քանի որ պարզապես անփոխարինելի է իր աշխատանքի մեջ, իսկ եթե Շաբոյանը դեռևս անփոխարինելի է՝ տեղին է ենթադրել, որ նախկինում գործող տնտեսական-քաղաքական համակարգը դեռևս չի քայքայվել՝ հետևաբար Շաբոյանի կարիքը դեռ զգացվում է:
Ստելլա Խաչատրյան