Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի այնպես, ինչպես կկամենա ժողովուրդը։ Այս մասին Ստեփանավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը Արցախի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան Ադրբեջանի զինված ուժերը, և իշխանություն են ցանկանում՝ Արցախի փոխարեն»։։
«Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հետևյալը՝ Հայաստանի ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է։ Եթե լինի լուծման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԼՂ դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը։
«ԼՂ հարցում Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Ղարաբաղի իշխանությունը, ես ու Հայաստանի այլ ղեկավարներ կարող ենք բանակցել միայն ՀՀ անունից։ Ես հրավիրել եմ Արցախի ղեկավարությանը, զինված ուժերի ողջ հրամկազմին, քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին ու բոլոր մանրամասներով ներկայացրել եմ մինչև հիմա գոյություն ունեցող բանակցային գործընթացի բոլոր հանգամանքները։ Ինչքան շատ մարդ տիրապետի Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, այնքան ավելի լավ, որովհետև այդտեղ չի կարող գաղտնիք լինել զինված ուժերի, դիվանագիտական կորպուսի ու, որոշ նրբություններ հաշվի առնելով, նաև ժողովրդի համար։ Նախկինում նման հանդիպում չի եղել»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև զիջումների գնալու մասին հարցին։
«Հրապարակավ մի քանի անգամ ասել եմ, որ անընդունելի է, երբ միջազգային ներկայացուցիչները գալիս ու հարցնում են՝ Հայաստանը պատրա՞ստ է զիջումների։ Ասել եմ, որ Հայաստանն այդ հարցին կպատասխանի, երբ միջազգային հանրությունը նույն հարցը կտա Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։