Հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին եղել է Մոսկվայում եւ ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ-ին պատմել է, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել եւ ինչպես է իրեն զգում նախնիների երկրում։
Նիկոլյան, ով մեծացել է Շվեյցարիայի համադաշնությունում շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղափոխվելու մասին վերջնական որոշումն այս տարի է կայացրել։
«Ես սիրում եմ Երեւանը, այն ինձ դուր է գալիս, Այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր կրտսերը՝ կիսվելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորություններով։
Գլխավոր խոչընդոտը, որի հետ բախվել է Նիկոլյան՝ լեզվի չիմացությունն է:
Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում եւ ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։
«Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, սակայն ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Քո կրած հագուստը չէ, որ քեզ դարձնում է այն, ինչ դու կաս իրականում։ Դա, իրոք, այդպես է»»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։