Նախընտրական շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք լսում Երևանում կամ մարզերում հնչող կրակոցների, սպանությունների, կողուպուտների մասին: Օրինակ՝ օրեր առաջ թալանել էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։ Օրեր առաջ Հայաստանում գրանցվել են հանցագործության մի շարք դեպքեր՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծկռտուք իրականացնելու, բնակարանային գողության և մի շարք այլ դեպքեր։ Նախօրեին կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում, ինչի պատճառով քաղաքացներ էին վիրավորվել։ Օրեր առաջ վիճաբանություն եղել և կրակոցներ են արձակվել Արտաշատի խճուղում։ Ընդհանրապես, տպավորություն է, որ քրեական քրոնիկոնն, իր լրահոսային ակտիվությամբ, ոչնչով չի զիջում քաղաքական քրոնիկոնին: Տարօրինակ է, իհարկե, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո երկրում քրեածին իրավիճակը նման պատկեր է ունենում մի պարագայում, երբ բուն հեղափոխությունը հաղթանակ տարավ առանց մեկ կաթիլ թափված արյան:
 
Խոսենք թվերով՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 16277 իրավախախտում՝ 1723-ով ավելին, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: 1335 դեպքով ավելացել են միջին ծանության, 629-ով՝ ծանր հանցագործությունների, 22-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: 290 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, 32-ով ավելացել են մահվան ելքերը, ինչը լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս: 16 դեպքով ավելացել է խուլիգանությունների թիվը: Ռեկորդային աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 432 դեպք՝ 347-ով ավելի, քան նախորդ տարի: 618 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ գողությունների, վատնումների, յուրացումների: 332 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Շուրջ 462 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 120 դեպքի համեմատ՝ 2018թ. 286 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 406 դեպք:
 
Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունը, պետական համակարգը կաշառակերներից ու գողերից ֆիլտրելու քաղաքականությունն ամբողջովին հակասության մեջ են այս վիճակագրության, թվերի հետ։ Սա կարող է մի քանի հետևությունների տեղիք տալ, ընդ որում՝ բոլոր դեպքերում, իշխանության համար բավականին տխուր։
 
Նախընտրական այս փուլում քրեածին իրավիճակի սրացումը կարող է նաև այլ բացատրություն ունենալ: Նախ, հանցագործ հակումներ ունեցող անձինք, տեսնելով իշխանությունների որդեգրած բռնել-բաց թողնելու մարտավարությունը կարող են իրենց ապահովագրված զգալ՝ հատկապես, որ իրավապահ համակարգն այժմ կարծես թե կենտրոնացել է ոչ թե հանցագործությունների կանխման, այլ նախընտրական գործընթացներում ինչ-ինչ խնդիրներ լուծելու վրա: Օրինակ՝ Վալերի Օսիպյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ընտրություններին մասնակցող ռեյտինգային թեկնածուների հետ, ինչը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե իհարկե իրավապահները ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին չեն դիտարկում իբրև պոտենցիալ հանցագործ:
 
Քրեածին իրավիճակի սրման պատճառը կարելի է փնտրել նաև ներքաղաքական զարգացումների համատեքստում: Շատ էր խոսվում այն մասին, որ նոր իշխանությունները փորձելու են լեզու գտնել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, քանի որ մեր երկրում հաստատված արատավոր ավանդույթի համաձայն՝ հասարակության այս սեգմենտը լուրջ գործոն է իշխանությունների աջակցման գործում, հատկապես՝ նախընտրական փուլերում: Եթե անգամ եղել է կուլիսային նման համաձայնություն, ապա աջակցության դիմաց վերոնշյալ սեգմենտին կարող էր տրվել որոշակի ազատություն՝ իհարկե՝ հստակ գծված սահմանների շրջանակում: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից և բոլոր գծված ու չգծված սահմաններից…
 
Ս.Խաչատրյան