Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առաջնային է վստահության հարցը: Այս մասին Երեւանում՝ «Լազարյան ակումբի» նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով, հարցն առաջնային է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի նոր ղեկավարության միջեւ. «Եթե ինչ-ինչ պատճառներով վստահությունը խախտվել է, ապա Ռուսաստանում այլ իրավիճակ է ստեղծվում, որտեղ կան Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ: Եվ Ադրբեջանն, անշուշտ, շահագրգռված է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»:
Նա ընդգծեց, որ չնայած վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի եւ ՌԴ միջեւ հարաբերությունները երբեւէ այսքան արդյունավետ չեն եղել, գործնականում այլ իրավիճակ է. ՀԿԵ եւ «Գազպրոմի» գործունեության հետաքննություն:
«Հետո հաջորդում են ներդրումների մասին հայտարարությունները», - նկատեց Զատուլինը:
Նա ընդգծեց, որ ռուսական կողմի համար, որը ոչ մի կերպ չի ցանկանում միջամտել Հայաստանի գործերին, կարեւոր է, որ հայ ժողովուրդը միասնական լինի, այլ ոչ թե բաժանված եւ քաղաքական կեղտի մեջ ընկղմված: