Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան:

Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: