«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքում է տարածված լուրերն այն մասին, թե դեկտեմբերի 3-ին ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ:
Այդ կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, իսկ Լոռու ԳԳՄ-ի բոլոր աշխատակիցները բնականոն կերպով կատարել և կատարում են իրեց աշխատանքային առօրյա գործառույթները»: