Ֆրանսիական հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» խորագիրը կրող հոդվածաշարն Արցախն ընթերցողին ներկայացնում է որպես վանքերով ու այգիներով հարուստ, Հայաստանի մի կտորը հանդիսացող չճանաչված պետություն, որը բաց երկիր է և աշխարհին ցանկանում է ցույց տալ իր ողջ գրավչությունը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 19-րդ դարասկզբից սկսած Արցախ աշխարհի պատմությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորման գործընթացի որոշ ասպեկտներին, Արցախի պատմամշակութային ժառանգությանը, տնտեսությանը և դրա տարբեր ճյուղերին, մասնավորապես տուրիզմի զարգացմանը, պատերազմի սպառնալիքի տակ Արցախի բնակչության առօրյա կյանքին: Հոդվածագիրը նշում է, որ չնայած անորոշ կարգավիճակին, երկրի տնտեսությունը զարգանում է՝ արձանագրելով տարեկան 10 տոկոս աճ:

«Հայերի համար Արցախը պատմությամբ հագեցած վայր է, ազգային դիմադրության սիրտը, վերջին ամրոցը, որտեղ պատսպարվում էին թշնամու հարձակման ժամանակ, նաև՝ ուխտագնացության վայր, իր վանքերի շնորհիվ (Դադիվանք, Գանձասար), որոնք հայերի պատմա-մշակութային ժառանգության ամենահիասքանչ նմուշներից են», - նշում է հեղինակը: