«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ դադարեցնում է անդամակցությունը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը․

«Հարգելի հայրենակիցներ

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:

Ուստի շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իմ կողքին են և հավատալով ինձ՝ փորձում են իրենց օժանդակությամբ նպաստել ճշմարտությունն ամբողջությամբ ի հայտ գալուն:

Շնորհակալ եմ ևս նրանց, ովքեր ընդհատակ են անցել, դրա համար ևս շատ ուրախ եմ:

Հ.Գ. ՏԵղեկացնեմ, որ դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության և կուսակցության նախագահի հեղինակությունը»:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը օրեր առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ձերբակալվել էր։