Դեկտեմբերի 10-11-ը՝ Մոսկվայի «Известия» մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Բարսեղովի անվան «Ցեղասպանությունը որպես գլոբալ սպառնալիք մարդկության համար» համաժողովը, որը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ Մոսկվա քաղաքի կառավարության և Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ:
Համաժողովին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով ներկա էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որն անդրադարձել է Հայաստանի իրադարձություններին և Ազգային ժողովի ընտրություններին.
«Դեկտեմբերի 10-ը տոն է, քանի որ երկու մայրաքաղաքներում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնում են աշխարհի բոլոր ազգերի հիացմունքը: Հայերն ամենախաղաղ ճանապարհով փոխեցին իրենց ողջ խորհրդարանը: Եկան նոր տղաներ: Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը կստանա նոր խթան ժողովրդավարության զարգացման և իրավիճակի լավացման համար:
Մեծ ֆրանսիացիները նույնպես ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ պատրաստ են ամբողջովին փոխարինել իրենց ողջ իշխանությունը: Նոր ժամանակներ են, այլևս որևէ մեկին թույլ չեն տալու անտեսել լայն զանգվածների պահանջները: Մարդիկ ցանկանում են հանգիստ ապրել, նրանք չեն ցանկանում օլիգարխներ լինել, բայց չի կարելի նրանց ծաղրել և տնտեսական հարցերը լուծել շարքային քաղաքացիների մեծամասնության հաշվին:
Կեցցե՜ Երևանը և Փարիզը: Այս նոր՝ 2019 թվականը մենք դիմավորում ենք Հայաստանի և Ֆրանսիայի դրոշների ներքո, որոնք օգնեցին հաջողությունների հասնել՝ հօգուտ իրենց երկրների քաղաքացիների:
Մենք ճանապարհում ենք 2018 թվականն ուրախությամբ, որ երկու երկրներում ժողովուրդը ցույց տվեց իր ուժը և մենք ուրախ ենք, որ 2019 թվականը կընթանա այս երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Փարիզի հաղթանակների դրոշի ներքո:
Մենք ձեզ շնորհակալ ենք իսկական ժողովրդավարության օրինակների և մարդու իրավունքների պայքարի համար: Երևանը և Փարիզը ցույց տվեցին, թե ինչ են մարդու իրավունքները»: