«Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Հայաստանի Վերաքննիչ դատարանը վերացրել է».- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի իրավապաշտպան Միհրան Պողոսյանը: 

Փաստաբանը նշեց, որ Հարությունյանն այս պահին ազատության մեջ է, իսկ թե ինչի հիման վրա է վերջինս ազատվել կալանքից՝ փաստաբանը չկարողացավ պատասխանել: 

«Մենք դեռևս կդիտարկենք, թե ինչ հիմքերով են որոշել ազատել իմ պաշտպանյալին: Իմանալուց հետո կորոշենք՝ բողոքարկել որոշումը, թե՞ ոչ, քանի որ շատ հավանական է, որ ազատման հիմքերը մեզ համար ընդունելի չլինեն»,- մանրամասնեց փաստաբանը:

Վահագն Հարությունյանը ՀՔԾ-ի կողմից մեղադրվում էր Մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ: