Արմեն Գևորգյանի գործով ընթացող դատական նիստն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Այս մասին քիչ առաջ հայտնեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրենք բոլոր առարկությունները ներկայացրել են. «Վիճարկել ենք վարույթ իրականացնող մարմնի կողմից վկայակոչված հիմնավոր կասկածները՝ Գևորգյանին առնչվող մեղադրանքի հետ կապված: Ներկայացրել ենք համապատասխան փաստարկներ և ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Գևորգյանը, մնալով ազատության՝ մեջ կդրսևորի պատշաճ և օրինակելի վարքագիծ»:

Էրիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն բովանդակության մասին ոչինչ ասել չկարողացավ: Ինչպես նաև հավելեց, որ գրավի միջնորդություն են ներկայացրել դատարանին:

«Եթե դատարանն, այնուամենայնիվ, գտնի, որ կալանավորման հիմքեր են առկա, ապա խնդրել ենք կալանավորման այլըտնտրանքային միջոց կիրառել նաև գրավը: Չափը չենք նշել և թողել ենք դատարանի հայեցողությանը: Սակայն կարող եմ նաև նշել, որ քննիչը առարկել է գրավի միջնորդությանը»,- մանրամասնեց Գևորգյանի պաշտպանը:

Փաստաբանը վերջում հավելեց, որ դատարանի կողմից որևէ կանխակալ վերաբերմունք չի դիտարկել. դատավորը շատ բարեխիղճ էր:

Դատական ակտը կհրապարակվի վաղը, 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Գեւորգյանը, մասնավորապես,  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: