Օրեր շարունակ Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները բողոքի ակցիաեն իրականացնում՝  պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչո՞ւ են առեղծվածային կերպով սատկում կենդանիները։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ բողոքողների հայտարարությունը, թե այգուց փախած բեզոարյան այծին սատկած են գտել, այդպես չէ․ «Մենք պարզաբանել ենք, թե ինչպես է փախել կենդանին և ինչ է եղել նրա հետ։ Կենդանին փախել էր դեպի այն հատվածը, որտեղ այգին ցանկապատ չունի։ Այգում հատվածներ կան, որտեղից արտաքին աշխարհի հետ կապ կա, ինչն առհասարակ պետք է բացառվի Կենդանաբանական այգում: Այդ մասին բազմիցս տեղեկացրել ենք վերադաս մարմիններին, սակայն հարցը դեռևս չի կարգավորվել, իսկ դրա համար բավականին ներդրումներ են անհրաժեշտ»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է բեզոարյան այծի փախուստին, ապա Աբրահամյանը նշեց, որ կենդանաբանական այգիներից կենդանիների փախուստն անխուսափելի չէ․ «Կենդանաբանական այգու ցանկապատները 30-40 տարվա պատմություն ունեն, և որտեղ գտնվում են մուխլոնները, բեզոարյան այծերը այդ ցանկապատը բավականին խարխուլ վիճակում է, իսկ այգու վերև բարձրացող աջ հատվածում ընդհանրապես ցանկապատ չկա, իսկ կենդանիների փախուստը ոչ մի կենդանաբանական այգու պարագայում բացառված չէ։

Դրա համար բեզոարյան այծը բարձրացել էր Նորքի գերեզմանոցների բարձունքը, շարժվել էր տարբեր տեղեր, ի վերջո հասել Մյասնիկյան պողոտա։ Հետագայում ականատեսները մեզ պատմեցին, որ փողոցը հատելիս վթար է տեղի ունեցել, կենդանին ստացել է վնասվածք, և, բնականաբար, դժվարությամբ է սկսել շարժվել և Կենդանաբանական այգու տնօրենին հաջողվել է բռնել նրան։ Նրան բռնելուց հետո թմրեցրել են և տեղափոխել այստեղ, հետազոտելուց պարզվել է, որ հետին վերջույթների վնասվածք ունի, հաջորդ օրը բժիշկը նորից հետազոտել է, իսկ արդեն գտնելու 2-րդ օրը կենդանուն սատկած են գտել»,-պատմեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը։ 

Աբրահամյանը նշեց՝ բողոքողների պահանջների որոշ մասի հետ համամիտ են, քանի որ այգում կան որոշակի խնդիրներ, սակայն նկատեց նաև՝ Ռուբեն Խաչատրյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո տասնյակ տարիներով կուտակված խնդիրները փուլ առ փուլ լուծում են ստանում։

Սոնա Հարությունյան