ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագիտության թեկնածու Ռուբեն Հակոբյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյանքախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ և հիստերիկ պահվածքի պատճառով տարածվունմ է նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա:

Մտահոգիչ է, երբ այդ ապտակին միանում են նույն այդ կառույցին մաս կազմող մյուս գործընկերները` նույնիսկ խուսափելով կատարել դիվանագիտական արարողակարգով նախատեսված նվազագույնը` միասնաբար չշնորհավորել համապետական ընտրություններում քո պետության ղեկավարի կուսակցության արձանագրած բացարձակ արդյունքը:

Անմեղսունակություն է, երբ քո բացառիկ տգիտության պատճառով, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով միջազգային հարթակներում վարկաբեկում ես քո իսկ մասնակցությամբ ձևավորած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, այնուհետ, որպես ինքնաարդարացում, երեսպաշտորեն չքմեղանանում, թե բա` դա տաս, նույնիսկ` հիսուներորդական հարց է:

Արարողակարգային չտեսություն է, երբ ՌԴ նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում ես, որ ինքդ ու Վ.Պուտինը անձնական ջերմ ու ռազմավարական գործընկերներ եք, բայց Պուտինն իր աղմկոտ լռությամբ սաստում է քեզ` «тамбовский волк тебе товарищ»:

Հավկուրություն է, երբ չես ուզում տեսնել, թե վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչ արագությամբ են զարգանում` այս ընթացքում կնքելով 15 միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որոնք ընդգրկում են տվյալ պետությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Եվ, որ ռազմավարական բացառիկ նշանակության կարևորագույն փաստաթուղթ է`Կասպից ծովի կարգավիճակի մասին վերջերս կնքված համաձայնագիրը, որին 25 տարի շարունակ ընդդիմանում էր ադրբեջանական կողմը, բայց… Հասկացե՞լ ենք ադրբեջանական կողմից գնի ակնկալիքը…

Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե-ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը:

Գավառական երեսպաշտություն է, երբ իլուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին` միայն այն բանի համար, որ նրա խոսնակը հանդնգնել է ո´չ ասել քո թիմի անդամի կողմից բարձրաձայնած հիմարությանը, թե` այս «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր էր մեր ազգի համար, քան արցախյան ազատամարտ: (Տե´ս ադրբեջանական ԶԼՄ-ների խրախճանքներն այս թեմաներով):

Կրկնակի հավկուրություն է, երբ ջայլամին բնորոշ դիրք ընդունելով, չես ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի` գործնականում բացահայտ մեկուսացումը, ինչին հասանք իշխանությունների արտաքին քաղաքականության հայեցակարգի իսպառ բացակայության և քո հերոստրատիության պատճառով:

Եվ, վերջապես, Նիկոլ, չես զգո՞ւմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…»: