Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը շատ է համեմատվում 2008 թվականի հետ: Մի մասը նշում է, որ սա 2008 թվականի շարունակությունն է, մեկ այլ մասի կարծիքով' սա 2008-ից ավելի լավ շարժում է, այլք կարծում են, որ շարժումը ավելի վատ է, իհարկե' եթե փոքր-ինչ կոպիտ և ուղղակի բնորոշումներով ամբողջացնենք այդ գնահատականները: Համեմատությունների պակաս չի զգացվում: Մարդիկ, խմբեր նույնիսկ սկսում են բանավիճել իրար հետ այդ համեմատությունների հիմքով: Իրականում, սակայն, նման համեմատությունները բացարձակորեն անիմաստ զբաղմունք են, էլ չասած դրանց խիստ սուբյեկտիվության մասին: Վերջիվերջո, ինչ-որ բան ավելի արդյունավետ էր 2008-ին, ինչ-որ բան ավելի արդյունավետ է այսօր, ինչ-որ բան հինգ տարի առաջ առավել ազդեցիկ էր, հիմա կան այլ ազդեցիկ բաներ:

Եվ ոչ միայն 2008-2013, այլ ընդհանրապես որևէ ժամանակահատվածի համեմատությունն ընդամենը ավելորդ բանավեճ և նույնիսկ անձնական լարվածություններ է առաջացնում, խլելով էներգիան, որը կարող է գնալ այլ՝ ավելի կարևոր թեմաների շուրջ մտքեր արտահայտելու վրա: Համեմատությունները երևի թե արժե թողնել պատմությանը, քանի որ շատ կարճ է ժամանակային ընթացքը և շատ սուբյեկտիվ է անմիջական մասնակից սուբյեկտների մակարդակում որոշել, թե ինչ տարբերություն կամ նմանություն կա շարժումների միջև այս կամ այն ժամանակային հատվածի համեմատությամբ:

2008-ի կամ նախորդ շարժումները անցել են, ինչ-որ զարգացում են ունեցել և հետո' ինչ-որ անկում: Դրանք ձևավորվել են կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ հանգամանքներով և զարգացել են կոնկրետ միջավայրում: Այսօր այլ ժամանակ, հանգամանքներ ու միջավայր է, հետևաբար այսօրվա շարժումն ունի իր տրամաբանությունը: Հարկավոր է տվյալ պահի շարժումը չափել տվյալ ժամանակահատվածի կողմնորոշիչներով և անել եզրակացություններ դրանց հիման վրա:

Պետք չէ հասարակության առանց այդ էլ ինֆորմացիայից բավական ծանրացած գլուխը լցնել անպտուղ համեմատությամբ: Թող դրանով զբաղվեն կամ ներկայիս շարժման ստրատեգները՝ նախորդ բոլոր շարժումների դրականը վերցնելու և սխալները չկրկնելու համար, կամ փորձագիտական-վերլուծական շրջանակները' հնարավորինս ճշգրիտ դիտարկումների հասնելու համար: Իսկ մյուս բոլոր առումներով, չափումը ներկան է ու ապագայի մարտահրավերները, և ժողովրդական շարժումը պետք է դիտարկվի այդ համեմատության կամ այդ չափման տիրույթում՝ ինչքանով է այն բխում ներկայիս կենսական պահանջներից, և որքան է ապագայի մարտահրավերներին դիմագրավելու նրա բովանդակային, գաղափարական, արժեքային ու կառուցվածքային պոտենցիալը:

Այլապես, նախկինի ու ներկայի համեմատություններով զբաղվելը հավասարազոր է սարդոստայն հյուսելով զբաղվելուն, որի մեջ կարող է հայտնվել մի ամբողջ հասարակություն: Առավել ևս, որ կարծես թե առայժմ ընթանում են առնվազն երկու գծեր, և 2008 թվականի ձևավորված շարժումը թեև զգալիորեն թուլացած, զգալիորեն քաղաքականացված և էապես կուսակցականացված, բայց առկա է որպես, այսպես ասած, ինքնուրույն գործընթաց, որի զարկերակը համեմատաբար թույլ, բայց դեռ բավական լուրջ ամբիցիաներով բաբախում է հետընտրական առավել ազդու շարժմանը զուգահեռ:

Նման իրավիճակում, համեմատությունները արդեն ական են դառնում, որոնց պայթելու պարագայում չի շահի համակարգին իրապես ընդդիմադիր ոչ մի կողմ: Հետևաբար' պետք է պարզապես հստակեցնել չափորոշիչները, հանրային օրակարգը, արժեքներն ու սկզբունքները և չափել գործընթացն ու դերակատարներին հենց դրանով: