ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք զորամասերում բանակային կորպուսի հանձնաժողովի կազմով հսկողական և ամփոփիչ ստուգումներ են անցկացվում՝ թերություններն ու բացթողումները գտնելու, ինչպես նաև ձեռքբերումներն ու առաջխաղացումները ստուգելու նպատակով։
 
Նախարարությունից փոխանցեցին, որ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի գլխավորությամբ հանձնաժողովի կողմից ստուգվեց անձնակազմի հանդերձանքն ու արտաքին տեսքը, ռազմական տեխնիկան ու սպառազինությունը, անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքները: Զորամասի զինծառայողները քննություններ էին հանձնում մարտավարամասնագիտական, կրակային, շարային, ֆիզիկական պատրաստություններից և այլ առարկաներից:
 
Քննությունների արդյունքները ցույց են տվել, որ նախորդ ուսումնական փուլի համեմատ կա առաջընթաց: Յուրաքանչյուր զինծառայող ձգտում է ցուցաբերել մասնագիտական բարձր գիտելիքներ:
 
Ստուգումների գործընթացը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ զորամասում ուսումնական փուլի ընթացքում կատարվել են զգալի աշխատանքներ՝ զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ: