Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վարչական տարածքում' գյուղի հյուսիսային մասում, դեգրատացիայի ենթարկված 5 հա հողատարածքում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ: Դրանք սկսվել են անցած տարվա աշնանը եւ շարունակվել այս գարնանը: Տնկվել են 6 հազ. 500 հատ ծառ' 3 հազ. 500 կովկասյան տանձենի եւ 3 հազ. հատ էլ' լորենի:

 

Ծառատունկը կատարել է «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն' «ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքում 5 հա դեգրատացված հողերի եւ ագրոկենսաբազմազանության վերականգնում անտառվերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի տրամադրած փոքր դրամաշնորհով: «Տարածքը նախկինում անտառապատ է եղել, մտածեցի առաջին հերթին հողը դեգրատացիայից փրկել, տարիների ընթացքում հնարավոր է որ եղած հողի շերտը եւս վերանա, եւ տարածքը վերածվի լերկ ու քարքարոտ տեղանքի: Բացի դրանից, անտառի շնորհիվ տարածքում ջրի պաշարները կշատանան», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը' ավելացնելով, որ տնկված ծառատեսակները պատահական չեն ընտրվել: Հաշվի է առնվել, որ տանձենու բերքից կօգտվեն գյուղացիները, իսկ լորենին խիստ մեղրատու է' լորենու 1 հա անտառը տալիս է մինչեւ 1000-1500 կգ մեղր, բացի դրա նից լորենու ծաղիկներից բուժիչ թեյեր են պատրաստում, որոնք օգտակար են հատկապես մրսածության հիվանդությունների դեպքում: Անտառտնկման համար տնկիները ձեռք են բերվել կազմակերպության սեփական տնկարանից: Որպեսզի անասունները տնկիներին չվնասեն, տարածքն ամբողջովին ցանակապտվել է, լուծվել է նաեւ ոռոգման խնդիրը, որը կիրականացվի գյուղի ոռոգման ջրի հաշվին:

 

Ըստ Վլադիկ Մարտիրոսյանի, տնկիների կպչողականությունը հայտնի կդառնա աշնանը: «Համոզված եմ, որ արդյունքները լավ են լինելու, քանի որ տնկիները հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին, ծառատունկի ժամանակ խստորեն պահպանել ենք ագրոտեխնիկական նորմերը, նախապես լավ պայմաններ ենք ապահովել տնկիների արմատային համակարգի ճիշտ զարգացման համար», - ասաց Վ.Մարտիրոսյանը:

 

Անտառվերականգնման աշխատանքներում ընդգրկվել են մոտ 3 տասնյակ մարդ' հիմնականում Նորաշենիկ գյուղից:

 

 

Գոհար Իսախանյան