ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի ծննդավայր Ջրառատ համայնքում մթնոլորտը չի կայունանում: Բնակիչները նախկին բողոքի ալիքից զատ նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով Երանոսյանի քրոջ որդու՝ Ջրառատի ՀՀԿ-ական համայնքապետ Սամվել Գալստյանի հրաժարականը:

Նախ նշենք՝ վերջին տարիներին Ջրառատ համայնքում տեղի ունեցող արյունալի դեպքերի ու ծեծկռտուքների գլխավոր մասնակիցները, ըստ մամուլում շրջանառվող տեսանյութերի և հրապարակումների՝ Լյովա Երանոսյանն է, եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը եւ Սամվել Գալստյանը: Հայտնի միջադեպերից մեկը 2017թ ԱԺ ընտրություններից առաջ ՕՐՕ դաշինքի անդամների, Լեռնիկ Երանոսյանի, Սամվել Գալստյանի և Մելքոնյանների ընտանիքի անդամների միջև կատարվածն էր, երբ գործի էին դրվել ատրճանակներ ու մետաղյա իրեր:

 

Բնակիչները բողոքում են Գալստյանի ղեկավարման կարգից, Լյովա Երանոսյանի հետ անմիջական կապից ու վերջինիս «ստվերի ներքո» կատարած գործողություններից. արդեն իսկ շուրջ 2000 ստորագրություն է հավաքվել: Սակայն Ջրառատի համայնքապետը ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:

«Ես իմ առջև դրված պարտականությունները առավելագույնս կատարում եմ և հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում: Ես ևս այս գյուղի բնակիչ եմ և նույնկերպ մտահոգվում եմ համայնքի համար, ավելին՝ ինձ փոխանցել են, որ այդ ստորագրահավաքի մեծ մասը կեղծ է, ինչ-որ մեկը շրջում է տներով և կեղծ ստորագրություններ է հավաքում: Ես դրանց չեմ հավատում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվել Գալստյանը և հավելեց, որ խիստ կասկածում է  այդ ստորագրությունների կեսից ավելիի իրական լինելուն:

Այն դիտարկմանը, թե բնակիչներն անընդհատ շեշտում են Երանոսյանների վատ համբավի, նրանց հետ մի շարք հանցավոր համագործակցությունների մասին, Ջրառատի համայնքապետը հերքեց՝ վստահեցնելով, որ Լյովա Երանոսյանի ընտանիքին բոլորը հարգում և սիրում են: 

«Դա պարզապես առիթ է նրանց համար: Լյովա և Լեռնիկ Երանոսյաններին բոլորն էլ շատ լավ ճանաչում, հարգում  ու սիրում են: Ես անհեթեթություն եմ համարում իմ որևէ գործունեությունը նրանց անվան հետ կապելը: Ես հրաժարական չեմ տալու»,- հավելեց Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը:

 

Հիշեցնենք, որ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականին:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ