Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ցանկություն ունի դառնալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անգամ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորղորդաշարի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։
Թե ինչ կտա ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի ժամանկավոր անդամակցությունը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց հասկանալ՝ խոսելով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի հետ։
«ՄԱԿ-ի ոչ մշտական անդամները ռոտացիոն կարգով որոշակի պարբերականությամբ փոխվում են։ Օրինակ, ժամանակին Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ էր։ Հայաստանի մասնակցությունը կարևոր է, և դա բնական է։ Ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել այդ հնարավորությունից։ Հակառակը՝ պետք է օգտագործել ընթացիկ հնարավորությունները՝ բարձրաձայնելու Հայաստանի մտահոգությունները»,-ասաց փորձագետը։
Հարցին՝ այդ հարթակում ինչ խնդիրներ կարող է Հայաստանը բարձրաձայնել և որքանով դա կարող է լինել արդյունավետ՝ Մարջանյանը նշեց․
«Մասնավորապես, շատ կարևոր է Հայաստանի համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակից հնչեցնել այսպես կոչված «կողպված» երկրների կարգավիճակի հարցը։ Հայաստանը գտնվում է էներգոտրանսպորտային շրջափակման մեջ Թուրքիայի և Արբդրեջանի կողմից և, այսպես ասած, տրանսպորտային և մաքսային շրջափակման մեջ՝ Վրաստանի կողմից։ «Կողպված» երկրի կարգավիճակը լիարժեք օգտագործելու համար դա շատ դրական հարթակ կլինի, և դրական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»։
ՄԱԿ փորձագետը նաև կարևորում է այդ հարթակում ծանր սպառազինությունների մատակարարման հարցը Արդեբջանին. «Այն սպառազինությունները, որոնք համարվում են մասսայական ոչնչացման զենքեր, օրինակ՝ կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը և Ադրբեջանի ծանր հարձակվողական զենքի մատակարաման հարցը, կարող է բարձրացվել ՄԱԿ-ի ԱԽ-ի հարթակից»։
Մեկ այլ կարևոր և ակտուալ հարց է Հայաստանի տեղեկատվական օպտիկամալուխային ցանցից ինտեգրման հարցերը բարձացնելը։ Փորձագետը 2011 թվականին տեղի ունեցած դեպք հիշեց, երբ Թիֆլիսից ոչ հեռու գտնվող վայրում մի տարեց կին՝ իր հողամասում աշխատելու ժամանակ, բահով վնասել էր օպտիկամալուխային համակցումը ինտերնետնին։ Արդյունքում՝ ողջ Հայաստանը կորցրել էր ինտերնետը․ «Աշխարհում այդպիսի երկու երկիր կա՝ Հայաստանը և Քենյան, որտեղ պահի հարվածով կարող է անջատվել ամբողջ երկրի ինտերնետը․ սա աննորմալ վիճակ է։ Այսչափ խոցելիությունը չափազանց վտանգավոր երևույթ է։ Կարծում եմ՝ համակցումների նոր աշխարհագրությունը, համակցումների իրականացումը բոլոր ուղղություններով՝ առաջին հեթին հարավով՝ Իրանի և Թուրքիայի տարածքում մայրուղային օպտիկամալուխային կապերի հետ շատ կարևոր հարց է։ Կարելի է բարձրացնել նաև արբանյակային կապերի հարցը։ ՄԱԿ ԱԽ-ը լուրջ հարթակ է, և Հայաստանը այդտեղ կարող է մի շարք հարցեր ակտուալացնել»,-ասաց ՄԱԿ փորձագետը։
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ է եղել նաև Ադրբեջանը։ Մարջանյանը, անդրադառնալով Ադրբեջանի անդամակցությանը և այդ պետության գրանցած հաջողություններին, նշեց․
«Ադրբեջանը որոշ քաղաքական դիվիդենտներ կարողացավ հավաքել անդամակցության շրջանում։ Քիմիական զենքի օգտագործման և տարածման առումով, քվեարկություններում Ադրբեջանը կարողացավ քաղաքական դիվիդենտներ հավաքել թե՛ Ռուսաստսնի կողմից, և թե՛ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի տեսանկյունից՝ վարպետորեն խուսանավելով այդ ընտրությունների ժամանակ»,-նշեց Մարջանյանը։
Ամփոփելով՝ ՄԱԿ փորձագետը նկատեց, որ այս ժամանակահատվածում, երբ ՄԱԿ-ում կանգնած է ՄԱԿ ԱԽ ռեֆորմի հարցը և աշխարհում ընթանում են չափազանց կարևոր գործընթացներ, Հայաստանը կարող է խելամիտ և շահեկան օգտագործել այդ հնարավորությունը։
Արմինե Արմենակյան