Այսօր՝ հունվարի 14-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստում այս պահին ընթանում է ԱԺ նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահի միակ թեկնածու Արարատ Միրզոյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան: Պատգամավորներից Գևորգ Գորգիսյանը Միրզոյանին հարցրեց՝ եթե առաջիկայում լինի առիթ, արդյո՞ք նա կհակադրվի կառավարությանը՝ բարձրացնելու Ազգային ժողովի դերը և այն դարձնելու թիվ մեկ քաղաքական ամբիոնը:
Հարցին ի պաստասխան՝ Միրզոյանն ասաց. «Իսկապես, ցավոք, Ազգային ժողովի դերը այնքան մեծ չի եղել մեր պետական ինստիտուտների ողջ համակարգում և կառավարման համակարգում, բայց և′ Սահմանադրությունը, և′ նոր Ազգային ժողովի ընտրված պատգամավորները վկայում են այն մասին, որ Ազգային ժողովի դերը հետայսու պետք է մեծանա, և մենք բոլորս այդ ուղղությամբ պետք է մեր ջանքերը գործադրենք: Խորհրդարանն ինքը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, աշխատի կառավարության հետ՝ ոչ թե ինքնանպատակ կերպով հարկադրվելու կառավարությանը, այլ համատեղ աշխատելով մեր հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»: