23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Բժշկական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում որդեկորույս հայրը նշեց, որ նամակ են փոխանցել Կառավարությանը՝ հարցին շուտափույթ լուծում տալու և իր որդու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու պահանջով։
«Այսօրվա մեր պահանջը մեզ ընդունելն է, բայց հիմնական պահանջն է՝ դաժան մարդասպան այդ հրեշը չպետք է ներվի։ Կան շատ մարդասպաններ, սակայն այդ դեպքերն անհամեմատելի են այս դաժան դեպքի հետ։ Ինչո՞ւ են ընտրել այդպիսի դաժան մարդու»,- ասաց Աղաջանովը։
Խոսելով գործի վերաբացման մասին՝ Աղաջանովը նշեց, որ ինքն առաջին իսկ օրվանից պնդել է, որ երկու մեղավորներն էլ պետք է մահապատժի ենթարկվեն․ «Ես դատարանում բարձրաձայն արտահայտվել եմ։ Տարիների ընթացքում դրա մասին չէին խոսում, սպասեցին մինչև Արամ Հարությունյանը դուրս գա, որից հետո ակտիվ սկսեցին առաջարկել, որ գործը վերանայվի։ Արամ Հարությունյանին նամակներ էին գրում՝ առաջարկելով՝ «Դու արի ընդունի, որ դու ես եղել հիմնական պատճառը, դու արդեն քոնը նստել ես, ինձ էլ կազատեն, կպրծնենք։ Արամ Հարությունյանն այդ պատճառով թողեց երկիրը, գնաց»»,- նշեց Աղաջանովը՝ ընդգծելով, որ գործում որևէ անհասկանալի հարց չի եղել։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան են անցկացնում 23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները, աջակիցներն ու բժիշկները։