Նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների քայլերը սկսել են ոչ միանշանակ ընդունվել հասարակության կողմից: Նոր տարին իշխանական դաշինքի համար մեկնարկել է բուռն քննարկումներով և քննադատություններով: Այս անգամ թիրախում մարզպետներն ու նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին պարգևավճարներ և 13-րդ աշխատավարձ տրամադրելն է:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պարգևավճար ու 13-րդ աշխատավարձ պետք է տրամադրվեն աշխատանքի արդյունքում. «Բնականաբար, աշխատանքային փորձ չունենալու արդյունք է. կաշխատեն, կսովորեն, նման ձևով այլևս քայլեր չեն կատարի: Աշխատանքային փորձի պակաս կա»:
Քանի որ խոսք էր գնում նորեկների աշխատանքային փորձի պակասից, իսկ մեր զրուցակիցն էլ՝ Վահրամ Բաղդասարյանը, երկար ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է եղել, խնդրեցինք խոսել նաև «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատանքից: Վերջին շրջանում Մակունցը պարզապես խայտառակ վիճակում է հայտնվում՝ իր՝ օրենքների չիմացության պատճառով, Բաղդասարյանը պատասխանեց. «Առայժմ ժամանակս չի բավականացնում՝ հետևելու նրանցից շատերի աշխատանքին. դրան կանդրադառնանք որոշ ժամանակ հետո: Նրանք նոր են իրենց աշխատանքում, պետք է հնարավորություն տալ աշխատելու»,- ասաց Բաղդասարյանը:
Անդրադառնալով այսօր մամուլում տարածված տեղեկությանը, թե նոր իշխանությունները պատրաստվում են ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակը վերցնել՝ Վահրամ Բաղդասարյանը չմեկնաբանեց տեղեկությունը, նշելով՝ «Մենք նման տեղեկություն չունենք: Ճշտեք նոր իշխանություններից»:
Արմինե Արմենակյան