ԼՈՒՐԵՐ.com-ը նախկինում բազմիցս անդրադարձել է փողոցային առևտրի, դրանից բխող վնասակար հետևանքների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության  մասին: Ավելին՝ նշել էինք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով թույլատրվել է ազատ առքուվաճառք իրականացնել փողոցում, բայց մինչև Ամանոր: Դրանից հետո խնդիրը պետք է կարգավորվեր: Արդյունքը որոշակիորեն տեսանելի է, սակայն՝ հղի դժգոհություններով: 

Մինչև Ամանոր ակտիվորեն փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կրկին փողոցում են, բայց արդեն որպես ցուցարարներ: Նրանք այս պահին կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց և պահանջում են, որ կառավարության որևէ աշխատակից դուրս գա և խնդրի լուծման որևէ տարբերակ առաջարկի: Ցուցարարների խոսքով՝ քաղաքապետարանից խոստացել են տասնօրյա ժամկետում նրանց համապատասխան տաղավարներով ապահովել, մտցնել հարկային դաշտ և տաղավարներում աշխատելու համար որոշակի գումար գանձել: Այս տարբերակին առևտրականները սիրով համաձայնվել են, սակայն այժմ նրանց բողոքն այն է, որ քաղաքապետարանն իր խոստումը չի կատարել:

«Քաղաքապետը մեզ խաբել է, մենք իր խոսքը լսելով ու աշխատակիցներին հավատալով՝ դադարեցրինք փողոցում առևտուր անելը՝ պայմանով, որ տաղավարներ կտրամադրեն, բայց ու՞ր են այդ տաղավարները: Նրանք նկատի ունեին երևանի ծայրում՝ գերեզմանատան մոտ գտնվող տաղավարնե՞րը: Մեռելնե՞րն են մեզնից առևտուր անելու: Ինչպե՞ս են նրանք մտածում, չենք հասկանում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց ցուցարարներից տիկին Արմինեն և հավելեց, որ շատ վճռական են տրամադրված, քանի որ «20 օր է՝ չեն աշխատել, իսկ երեխաները ուտելիք չունեն»:

Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ իրենք չաշխատեն. «Փաշինյանը լայվ էր մտնում ու մեզ ձրիակեր էր անվանում, թե բա՝ չենք աշխատում, բա թողնո՞ւմ եք, որ աշխատենք, էդպես չի՛ լինում: Մենք պահանջում ենք գոնե մարդաշատ վայրերում տաղավարներ տրամադրեն, որ գնորդ ունենանք, ոչ թե ձևական կանգնենք ու ապրանք փչացնենք»: 

Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս. չնայած նրան, որ մեծամասամբ վերացվել է բանջարեղենի և մրգի փողոցային ազատ վաճառքը, այնուամենայնիվ, առավել ազատ դեռևս վաճառում են ձուկը, ինչի մասին անընդհատ բարձրացվող աղմուկը այդպես էլ հասցեատեր չի գտնում:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ