ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը:

Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը սահմանվելու է 150 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ կարելի է միայն դրական գնահատական տալ այս նախագծին, քանի որ Երևանում հիմնական աղտոտիչը, ըստ բնապահպանի, ավտոմեքենաներն են: 

«Կայուն զարգացման տեսանկյունից՝ միշտ պետք է բոլոր որոշումները բալանսավորված լինեն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Այս պարագայում՝ մարդիկ բավականին հարված են ստանում. հասկանալի է նաև, որ հին մեքենաներից հրաժարվելու ցանկություն կա, բայց խնդիրը մնայուն է: Պետք է հավասարակշռված որոշումներ լինեն»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը: Մեր զրուցակիցը հավելեց, որ նման որոշում ընդունելու դեպքում պետք է նաև ցույց տալ այն ճանապարհները, որոնց միջոցով կքչացվեն արտանետումները: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի կարծիքով՝ տվյալ որոշման նախագիծն ընդունողների համար բնության մաքրությունն այնքան էլ առաջնային չէ. «Նրանց հետաքրքրում է միայն բյուջեն լցնելու ֆիսկալ քաղաքականությունը, սա է ամբողջ խնդիրը: Այնտեղ նշվում է 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաները: Պետք է արձանագրենք, որ այդքան և մի բան էլ ավելի ձիաուժ ունեն նաև բեռնատար  մեքենաները, որոնք շատ են համայնքներում: Այս կոնտեքստում ևս պետք է դիտարկել, քանի որ միայն մարդատար թանկարժեք մեքենաներն ունեն 300-ից ավել ձիաուժ»: Տնտեսագետը հավելում է նաև, որ պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը:

Տնտեսագետ, փորձագետ Արթուր Միսակյանն էլ այն կարծիքին է, որ ՀՀ-ն դարձել է հին մեքենաների գերեզմանատեղի, իսկ նոր մեքենաների ներմուծումը խթանելու համար պետք է այլընտրանքային միջոցներ առաջարկել՝ նոր հարկատեսակներ սահմանելու փոխարեն:

«Միշտ կողմնակից եմ եղել նրան, որ եթե ավելի մեծ շարժիչով մեքենա ես վարում, ապա պետք է բնապահպանական ավելի մեծ հարկ վճարես, բայց մեր պայմաններում նման հարկեր կիրառելը, որոնք մարդկանց ֆինանսական վիճակն ավելի են վատթարացնում, տրամաբանական չէ, պետք է այլընտրանք կիրառել: Այսինքն, մարդկանց եկամուտներն ավելանո՞ւմ են, որ կարողանան ավելի շատ հարկ վճարել, այստեղ է ամբողջ խնդիրը: Այս մեկ տարվա ընթացքում ֆինանսական առումով մարդկանց մոտ ի՞նչ է փոխվել, որ հիմա պետք է լրացուցիչ հարկեր վճարեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Միսակյանը: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ պետք է ընդունվի օրենքի այնպիսի նախագիծ, որը չանդրադառնա նախորդ տարիներին գնված մեքենաների վրա, քանի որ դրանք ձեռք են բերվել այլ իրականության պայմաններում, իսկ այս նախագիծն ավելի է վատթարացնում վիճակը:

Արթուր Միսակյանը ողջունում է ՀՀ կառավարության՝ էլեկտրամոբիլները ավելացված արժեքի հարկից ազատելու որոշումը, սակայն նկատում է, որ ընդունելը մեկ այլ խնդիր է, իսկ պայմաններ ստեղծելը՝ բոլորովին այլ. «Պետք է լիցքավորման կայաններ լինեն ճանապարհներին: Շատ լավ է, որ մեր երկիրը գնաց այս որոշումն ընդունելուն, քանի որ էլեկտրամոբիլների արտանետումներն այնքան էլ վնասակար չեն, սակայն ներկրելու և շահագործելու պայմանները ստեղծելը պետք է առաջնային և ձեռնտու դարձնել, այլապես՝ դա դառնում է թղթի կտոր, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Ի լրումն ֆինանսների նախարարության այս նախագծի, հարկ է նշել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշման համաձայն, այս տարվա հունվարի մեկից՝ մեքենաների մաքսազերծումը կատարվում է մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով, ինչպես նաև ինվոյսներով, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինելու մաքսազերծումը կատարել մեքենայի առուծախի փաստաթղթերի հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ սահմանված մաքսատուրքերը խնդիր են դարձնում թարմ մեքենաների ներկրումը ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ դրանց առուծախով զբաղվող քաղաքացիների համար: 

Ստացվում է, որ պետությունը մի կողմից դժվարացնում է թարմ մեքենաների ներկրման գործընթացը, մյուս կողմից էլ՝ սահմանափակում երկրի ներսում շահագործվող հին մեքենաների շահագործումը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ