«Նուբարաշեն» ՔՀԿ-ում այսօր մահացած կալանավոր՝ HayNews.am կայքի պատասխանատու, 50-ամյա Մհեր Եղիազարյանի մահը մեծ իրարանցում է առաջացրել նաև իրավապահ համակարգում:
Հանրության կողմից շատ արագ մոռացված Մհեր Եղիազարյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ի փոխնախագահն էր, որին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել էր նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին: Եղիազարյանի դեմ կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի առթիվ մեղադրանք էր առաջադրվել: Ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության՝ Եղիազարյանը 2014-2018թթ. խաբեությամբ ՀՀ մի շարք քաղաքացիներից, այդ թվում զինծառայողներից, 180 հազար դրամից մինչև 10 հազար ԱՄՆ դոլար է վերցրել, աշխատանքի տեղավորման, ծառայողական առաջխաղացման և տարաբնույթ հարցեր լուծելու համար:
Ուշագրավն այն է, որ Մհեր Եղիազարյանը նախնական կալանքի տակ էր և սա առաջին դեպքն է, երբ կալանավոր է մահանում հացադուլի հետևանքով: Եղիազարյանի` հացադուլ անելու նպատակն իր բողոքի ձայնը բարձրաձայնելն էր, որով իր անվստահությունն էր հայտնում իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, ինչպես նաև այդպիսով իր վստահությունն էր հայտնում ուղղորդված նախաքննության վերաբերյալ: Մհեր Եղիազարյանը մահացավ այն դեպքում, երբ իրեն առաջադրված մեղադրանքներն ապացուցված չէին և չկար դատարանի վճիռը վերջինիս գործի վերաբերյալ:
Ավելին՝ Եղիազարյանի պաշտպանը, իր առողջական վատ վիճակից ելնելով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս՝ լավատեղյակները նշում են, որ Մհեր Եղիազարյանի գործունեությանը լավատեղյակ և նույնիսկ մասնակիցն է եղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ի նախագահ Խաչիկ Ասրյանը, ով, ի դեպ, նախկինում մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ չէր կարող տեղյակ լինել ու չկանխել Եղիազարյանի գործունեությունը, նաև նշել էր, թե Եղիազարյանի հետ շփումը բացառապես եղել է կուսակցության շրջանակներում և այդքանով սահմանափակվել է ամեն ինչ:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ասրյանից, սակայն, վերջինս խուսափում էր հեռախոսազանգերին պատասխանել: Նախ տևական ժամանակ նամակագրությամբ հետաքրքրվեց, թե ով է իրեն զանգահարողը, ու ինչ է ուզում, այնուհետև նշեց, թե «շատ զբաղված է», իսկ Եղիազարյանի մասով` միայն պատասխանեց. «Ես եմ առաջինը ցավակցել ընկերոջս մահը, մնացած հարցերին կպատասխանեմ թաղման ժամանակ»:
Հավելենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։