Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կա՛մ խոստացված տաղավարների տրամադրում, կա՛մ` նախկինի պես փողոցային ազատ վաճառքի կազմակերպում: 

Երեկ էլ վերջիններս ակցիան շարունակել են Ազգային Ժողովի դիմաց, նույնը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի շենքի առջև,սակայն, առևտրականների խոսքով, իրենց լսող և խնդրին լուծում տվող չկա: Առևտրականներից մեկն էլ այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց խաբել է և որ շատ հնարավոր է առաջիկայում ընտանիքներով  հանդերձ արտագաղթեն դեպի Ռուսաստան:

Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվողներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեցին, որ մի խումբ վաճառականներով գնացել են ՀՀԿ գրասենյակ, զրուցել ՀՀԿ վերնախավի հետ և խնդրել «սրանցից փրկել» իրենց: Տիկին Գայանեն մանրամասնեց, որ բանը հասել է նրան, որ որոշ ծեր վաճառականներ ծնկաչոք աղաչել են ՀՀԿ-ին՝ իրենց դուրս բերել անելանելի վիճակից:

«Մենք նրանց ասել ենք, որ, ճիշտ է, ԱԺ-ում ընդդիմություն չեք, բայց դրսում եք ընդդիմություն, խնդրել ենք՝ որևէ կերպ ազդեն այս իշխանության վրա, որպեսզի հարցը լուծվի: 20 օրից ավել է` սոված ենք, գործ չունենք, որ մեր ընտանիքները պահենք: Սրանց աթոռն էր հետաքրքիր` եկան նստեցին, երկրի վիճակն իրենց հետաքրքիր չի: Մեր բողոքի ալիքը մեծանալու է»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Գայանեն:

Ըստ վաճառականների՝ ՀՀԿ-ն՝ ի պատասխան նրանց խնդրանքի, ասել է, որ սպասեն մինչև եկող ուրբաթ. հարցը չկարգավորվելու դեպքում արդեն որոշ քայլեր կձեռնարկեն:

Մեր զրուցակիցները հավելեցին, որ վաղը և առաջիկա մյուս օրերին գնալու են և նույն խնդրով դիմեն ԲՀԿ-ին, ՄԵՆՔ-ին, «Երկիր Ծիրանիին»«Սասնա Ծռերին» և ՀՅԴ-ին՝ հույս ունենալով, որ վերջիններս կհամախմբվեն իրենց շուրջ:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ