Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից պարզ կլինի, թե որքան «Գազպրոմ Արմենիան» կսուբսիդավորի գազի գինը։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի գինը սպառողի համար. օպտիմալացման հաշվին, այդ կոմպոնենտների վերահաշվարկի հաշվին, կորուստների վերանայման հաշվին: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,–ասաց նա։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել, արդյո՞ք մեկ տարին ֆիքսված է, թե հնարավոր է՝ ինչ-որ պահի էլ չսուբսիդավորի, Տիգրան Ավինյանն ասաց. «Բանակցություններն ընթացքի մեջ են, ընթացքից հստակ կլինի, հենց նոր տեղեկություն լինի, մենք հասարակությանը կհայտնենք»։