Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում հակադարձել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ երեկ արած հայտարարությանը:
«Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք ծանոթ եք Կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս, կամ հուլիս ամիսներին, 2016թ․ վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։ Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը, արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները՝ այսինքն վերադարձ 1988թ․։
Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ այս փաստաթուղթը։ Պարոն Հարությունյան, սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։ Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Ավելի շատ տարածվել պետք չէ իհարկե, բայց թող բոլորը իմանան ճշմարտությունը։ Իսկ եթե Արցախի ժողովուրդը սա պետք է ընդունի, ապա էլ ոչինչ չկա անելու։ Իսկ էտ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին»: