Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2018թ.-ի տնտեսական աճը կազմել է 5.8%։ Պետք է նկատենք, որ սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ հանքարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունները դադարեցրել էին իրենց աշխատանքը։ Սա կարծես վատ արդյունք չէ, սակայն, եթե փորձենք համեմատականներ անցկացնել, ապա կտեսնենք, որ 2017 թ.-ին այն կազմել է 7․7 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության աճի տեմպը տարեսկզբի համեմատ նվազել է։
Տնտեսության ճյուղերից 2018-ին, 2017-ի համեմատ՝ անկում է գրանցել գյուղատնտեսությունը՝ 7.6%։ Հարկ է նկատել, որ համեմատաբար բարձր աճ է արձանագրել արդյունաբերությունը՝ 4.3%, շինարարությունը՝ 4.5%, Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 0,2% -ով։ 2018 թվականին պետական բյուջեում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,5%։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը 2018 թվականի տնտեսական աճը դրական գնահատեց․ «Պարզապես տարիներ շարունակ, անկախությունից ի վեր, մենք այդպես էլ չենք գրանցել դինամիկ տնտեսություն։ Փաստորեն՝ տնտեսական զարգացման խնդիրը մեր երկրում լուծված չէ։ Տնտեսությունը տարբեր ամիսներին տարբեր ակտիվության մակարդակ է ցույց տալիս, օրինակ, նախընտրական ամիսներին՝ նոյեմբերին 3․6 տոկոս եղել է, ամռան ամիսներին ավելի բարձր աճ է գրանցվել։ Այս դեպքում նույնիսկ ՀՆԱ—ի աճը ոչինչ չի բնութագրում զարգացման տեսանկյունից, որովհետև եթե մենք դիտարկենք զարգացած երկրները՝ արևմտյան երկրներ և այլն, այնտեղ անգամ 0․5 կամ մեկ տոկոս աճն էլ արդեն լավ ցուցանիշ է»։
Տնտեսագետը մտահոգություն է հայտնում, որ նոր տնտեսության հատվածներ գրեթե չկան․ «Եթե արագ աճի թիրախներ չդնենք, արդեն 30 տարի անց նույն արդյունքն է լինելու։ Մեզ որակական փոփոխություններ են պետք»։
Դիտարկմանը, որ անկախ նրանից՝ երկրում ինչպիսի տնտեսական ակտիվության աճ է գրացվում, այնուամենայնիվ, երկրի բնակչությունը չի զգում այդ աճը, տնտեսագետը նշեց, որ շարքային քաղաքացին չի կարող զգալ դա, քանի որ այն վերաբերվում է ավանդական ճյուղերին՝ գյուղատնտեսություն, շինարարություն, որոնք չեն ապահովում բարձր ավելացված արժեք։
«Մեր խնդիրն ինովացիոն տնտեսություն ունենալն է, իսկ այդպիսի տնտեսություն ունենալու համար համապատասխան կադրեր է պետք է ունենալ»,- ասաց Վարդանյանը։
Այնուամենայնիվ, իրավիճակն անհույս չէ, թեպետ, ըստ նրա, ցանկացած խոստացված ներդրում, որոնք կատարվել են, չհաշված բացառությունները, ռեսուրս որոնող ներդրումներ են, այսինքն՝ նպատակը հանքերն են։
Ամփոփելով՝ նկատենք, որ Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ապահովման նոր մոդելի, որն իսկապես կհանգեցնի տնտեսական հեղափոխության։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ