Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: Այս մասին ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասել է թե՝ սա էլ հերթական փորձն է իշխանությունների կողմից՝ ցույց տալ, որ տնտեսական մենաշնորհների դեմ անզիջում պայքար է մղվել, և այդ պայքարը տվել է իր պտուղները: Սակայն իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Սերժ Սարգսյանի որդեգրած սկզբունքով, այն է՝ կարևորն ամեն ինչ թղթի վրա նորմալ լինի: Դա հենց այն սկզբունքն է, որով տարիներ ի վեր Հայաստանում քաղաքական հովանավորչությամբ ծաղկել է տնտեսական մենաշնորհը:

Հեղափոխության օրերին Փաշինյանը հաճախ էր հիշում երկրի տնտեսության արյունը խմող օլիգարխներին, մատնանշում էր նրանց բիզնեսները և խոստանում իշխանության հասնելուն պես՝ արմատախիլ անել նման երևույթները, ապահովել տնտեսության թռիչքաձև աճ: Փաշինյանի ասածից ստացվում էր, որ տնտեսության դանդաղ զարգացման հիմնական մեղավորը հենց մենաշնորհներն ու օլիգարխներն էին: Վերջիններիս փռեցին ասֆալտին, մենաշնորհներն էլ, ըստ վարչապետի՝ անցյալում են: Այդ դեպքում՝ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է հիմա խանգարում նոր իշխանություններին՝ ապահովել խոստացված թռիչքաձև աճը:

Իսկ գուցե պատճառը նրանում է, որ մենաշնորհները ինչպես կային, այնպես էլ մնացե՞լ են: Պարզապես փոխվել է անվանումը, և մենաշնորհ ունեցող օլիգարխն այժմ համարվում է գերիշխող դիրք ունեցող, ինչն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակներում: Չնայած, այս դեպքում էլ հարցեր են առաջանում, քանի որ մենաշնորհների դեմ ծավալվող պայքարը քաղաքացիները դեռևս չեն զգացել ոչ իրենց մաշկի, ոչ էլ, առավել ևս՝ գրպանի վրա: Ասվածի վառ ապացույցը այդքան փիառված բանանի գներն են, որոնք վերջերս վերադարձան մինչ հեղափոխական գներին: Մենաշնորհի վերացո՞ւմ…չէ՛, չենք լսել…