Առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ այսօր իրական քայլեր չեն ձեռնարկվում։ Առաջ է բերվում մի ծրագիր, որտեղ բարձրաձայնվում են առողջապահական համակարգում նախկինում ևս գործող մեխանիզմները, դրանք ներկայացվում են իբրև նորություն։ Բեմահարթակ են բերվում ծրագրային կետեր, որոնք, առանց բուժաշխատողների հետ լուրջ քննարկումների, առանց աշխատանքային ռեսուրսի գնահատման մատուցվում են հանրությանը՝ և՛ հանրությ,ան և՛ բուժաշխատողների միջև հակամարտության շարժառիթ են դառնում։
Խոսվում է մեքենայում երեխաների ապահովության նստարանների տեղադրման մասին, որն ընդհանրապես ճանապարհային ոստիկանության գործառույթն է, բայց լավ PR կարող է ապահովել առողջապահության նախարարի համար։
Խոսվում է դրոշմապիտակների մասին, որն իրականում որևէ վերահսկողական մեխանիզմ իրենից չի ներկայացնում և բացարձակապես հանվելու փոխարեն կիրառվում է որպես ինչ-որ մեկի բիզնես շահերը պաշտպանելու միջոց` հերթական անգամ մտնելով մեր քաղաքացիների գրպանը։
Խոսվում է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, բարձրացվում է միայն պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձը 8-10 000 դրամով, մինչդեռ նույն ԱՆ աշխատակիցները ստանում են կլորիկ պարգևավճարներ։
Եվ այսպես շարունակ…
Անհրաժեշտ է գիտակցել, որ մենք չենք ունենալու իրական բարեփոխումներ առողջապահական համակարգում, եթե չներդրվի մի ճշմարտություն և չընդունվի մի պարզ օրենք։
Ես առաջարկում եմ, որպեսզի ԱԺ-ն ընդունի օրենք, ըստ որի բոլոր նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները, ԱԺ բոլոր պատգամավորները և նրանց ընտանիքի անդամները, ՀՀ վարչապետը և նախագահը ու նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունենան բժշկական հետազոտություններ անցնել և օգնություն ստանալ միմիայն Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց արգելվի այդ նպատակով մեկնել արտերկիր, իսկ օրենքի խախտման պարագայում սահմանվի քրեական պատասխանատվություն։
Միայն այսպիսի օրենքի ընդունման պարագայում հարգարժան պաշտոնյաները լրջորեն կսկսեն մտածել Հայաստանում առողջապահական ոլորտի իրական զարգացման, արդիականացման և հասանելիության ապահովման մասին։
Քաղաքական գործիչ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան