Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեողծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործչի 150-ամյակը Հայաստանում ու Վրաստանում, որտեղ ևս նա ապրել ու ստեղծագործել է, կնշվի հոբելյանական միջոցառումներով: Թումանյանի ծննդավայր Դսեղում մեծարանքի միջոցառումներին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարգանքի տուրք ու գրական-ստեղծագործական ժառանգության արժևորման միջոցառումներ կմեկնարկեն միանգամից և Երևանում, և Թբիլիսիում:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) ծխական դպրոցում: 1883-1887-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ական թթ. կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հատոր 1-2, 1890-92):
Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» (համանուն օպերա՝ 1912, կինոնկար՝ 1983) պոեմներում պատկերված է հայ նահապետ, գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: 1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժ, գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ:
Թումանյանի ստեղծագործությունն զգալիորեն կապված է բանահյուսության հետ («Սասունցի Դավիթ», 1902, պոեմ): Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար»՝ 1892, «Փարվանա»՝ 1903, «Թմկաբերդի առումը»՝ 1902, «Հսկան»՝ 1908, «Մի կաթիլ մեղր»՝ 1909, «Աղավնու վանքը»՝ 1913, «Թագավորն ու չարչին»՝ 1917): 20-րդ դարի սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912)), փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքոր» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982) պատմվածքը: Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916-1922) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1899-ին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:
Թումանյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը: 1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:
Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը լույս է ընծայել հոբելյանական ներդիր: