«Զորավարժություններն արտակարգ իրավիճակում չեն անցկացվում։ Զորավարժությունների հետ կապված խուճապ ստեղծել պետք չէ, դրանք ամեն տարի անցկացվում են և որևէ միտում տեսնելն անիմաստ է։ Իսկ ընհանրապես սահմանի նկատմամբ պետք է զգոն լինել միշտ, անկախ նրանից՝ զորավարժություն կա, թե՝ ոչ։ Հիմնականում հարվածներ կարելի է սպասել այն ժամանակ, երբ թուրքը հանգիստ է, ոչ թե զորավարժություն անցկացնելիս հարձակվեն, երբ բոլորը տեսնում. նման բան չի լինի»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով այս օրերին Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանին «Ձմեռ 2019» խորագրով անցկացվող միջազգային զորավարժություններին։

Նրա խոսքով՝ զորավարժույթունների նպատակը զուտ երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացումն է, ինչպես բոլոր երկրներում։ Իսկ մեր բնակինչների մոտ Արցախի հետ կապված փոքր-ինչ զգայունությունն է ավելացել․ «Նոր իշխանությունների մոտ ինչ-որ մտահոգություններ են առաջացել, զուտ դրա համար մարդկանց մոտ ևս մտահոգություններ են առաջանում, սակայն որևէ արտառոց բան դրա մեջ չկա։ Ենթադրել, որ վտանգ է սպառնում, ռեալ չէ»,- ասաց նա։

Թուրքագետի կարծիքով՝ զորավարժությունները լուրջ սպառնալիք չեն ներկայացնում Հայաստանի անվտանգության համար և դրանք անցկացվում են ոչ թե հենց սահմանին, այլ դրանից բավականին հեռու․ «Անցկացվում են սահմանին հարակից Կարսի Սարիղամիշ շրջանի լեռներում, որը Թուրքիայի համար զգացմունքային տեղ է, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914-15թթ․ այդ մասում գրեթե 90 հազար թուրք զինվորական է մահացել սառնամանիքների պատճառով»,- ասաց նա՝ նշելով, որ հենց դրանով էլ պայմանավորված է վայրի ընտրությունը։  

Հիշեցնենք՝ 15 երկրների (այդ թվում՝ Ադրբեջանի) մասնակցությամբ զորավարժությունները Թուրքիայում մեկնարկել են փետրվարի 13-ից։ Ըստ թուրքական մամուլի՝ զորավարժությունների շրջանակում Թուրքիան հայրենական արտադրության սպառազինություն է օգտագործում, իսկ դրանց նպատակը համագործակցության ամրապնդումն է ու ստորաբաժանումների գործողությունների համակարգումն է։

Այդ երկրի պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զորավարժությունների ընթացքին հետևել է տեսակապի միջոցով:

Սոնա Հարությունյան