«Վիրավոր արագիլին մի քանի հոգով գտանք գյուղում, կրծքավանդակի ու թևի հատվածում վնասվածքով։ Մի կերպ էր ոտքի վրա կանգնում։ Չեմ հասկանում՝ ինչի՞ համար են կրակել, պետք է ուտեի՞ն, թե՞ ուղղակի հավեսի համար»,- ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում ահազանգեց Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Աննա Մարգարյանը։
Նրա խոսքով՝ թեև ամբողջ տարածաշրջանում սյուներին, որոնց վրա արագիլի բույն կա, համարակալումներ են ու ինչ-որ կոնտակտներ կապ հաստատելու համար, սակայն ոչ կայքը կա, ոչ էլ համարն է երբևէ զանգերի պատասխանել․ «Բայց, ըստ երևույթին, էդ մարդիկ ինչ-որ կերպ պետությունից գումարներ են ստանում նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Գյուղում ինձ ասացին, որ մի քանի տարի է՝ նման իրավիճակի դեպքում զանգում են, բայց պատասխան չկա։ Արագիլի ոտքին ևս պլաստմասսե համարակալ էր ամրացված»,-ասաց նա՝ նշելով, որ փորձել են զանգահարել Բնապահպանության նախարարություն, 911, Էջմիածնի մի քանի անասնաբույժի, բայց ապարդյուն՝ կիրակի էր ու պատասխանող չկար։
Աննան նշեց, որ ստիպված են եղել բժիշկ գտնել և օգնել արագիլին։ Գտել են գյուղի միակ անասնաբույժին, այնուհետև տարել են կողքի գյուղի անասնաբույժի մոտ, դեղ է ներարկել, կերակրել են, սակայն որոշ ժամանակ անց արագիլը սատկել է։
«Չկա ոչ մի անտեր օղակ, որին դիմես ու օգնություն ուզես նման դեպքերում»,- իր վրդովմունքը հայտնեց Աննան։
Պարզվում է՝ թռչունների պահպանությամբ զբաղվում է «Հայաստանի թռչուններ» նախագիծը, որն ըստ մեր զրուցակցի՝ հնարավոր է՝ ինչ-որ գումարներ է աշխատում՝ ոչինչ չանելով։
Սոնա Հարությունյան