«Հայաստանը հակված է զարգացնել Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները»: Այս մասին «IRNA» գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն են:
«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեռ առկա է չօգտագործված ներուժ, հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Համոզված եմ, որ մի շարք ոլորտներում տարբեր մակարդակների կապերն ու երկխոսությունը նույնպես կարող են նպաստել քայլերը հստակեցնելուն՝ ուղղված այդ ներուժի ամբողջական իրացմանը»,-նշել է վարչապետը:
«Մեր հարաբերություններում ի հայտ է եկել նոր բաղադրիչ: Խոսքը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի մասին է, որ նոր հեռանկարներ է բացելու մասնակից երկրների համար առևտրային և ներդրումային ոլորտներում: Ինչպես գիտեք՝ համաձայնագիրը վավերացման փուլում է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի և գործնական արդյունքներն իրենց չեն սպասեցնի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: