Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժգնության» թվով 375 աշխատակից դիմում է գրել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին: Նրանք ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ներկայում ՇԲՕ ոլորտում տիրող իրավիճակի վրա. «Չնայած բազմիցս հնչող խոստումներին՝ առողջապահության ՇԲՕ ոլորտը շարունակում է մնալ անտեսված: Պահանջում ենք ՇԲՕ սպասարկող բուժանձնակազմին բժշկական ապահովագրության տրամադրում, աշխատանքի ծավալին համապատասխան աշխատավարձի սահմանում, նոր բրիգադաների ավելացման հաշվին ՇԲՕ գերծանրաբեռնված համակարգի բեռնաթափում, բժշկական համազգեստի ֆինանսավորում կամ հատկացում, հանգստի արժանապատիվ պայմանների ապահովում՝ ներառյալ վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց, խոհանոց խնդիրների անհապաղ կարգավորումը»,- դիմումում գրել է ՇԲՕ բարեփոխումների նախաձեռնող խումբը: 

Պարզվում է՝ աշխատակիցների նախաձեռնությունից տնօրենն անտեղյակ էր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շտապօգնության կենտրոնի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց՝ այդ մասին մեզանից է լսում. «Այնպես չէ, որ նորություն է, քանի որ դրա հետ կապված հանդիպումներ, ժողովներ ենք արել: Այնպես էլ չէ, որ աշխատակիցների բարձրացրած հարցերի հետ մենք համաձայն չենք եղել, չենք արձանագրել կամ չենք խոսել: Մեր վերադասներն էլ հանդիպել, ասել են, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու: Հիմա, թե ինչու են դիմել՝ չգիտեմ, ինձ էլ տեղյակ չեն պահել, մինչ այդ խոսակցություն չի եղել»,- նշեց նա: 

Դիտարկմանը՝ այս ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, Ստեփանյանն ասաց, թե քաղաքապետարանի կողմից ուսումնասիրվել են բարձրացված բոլոր հարցերը, սակայն դրանք մեկ օրվա լուծելու հարցեր չեն, որ միանգամից կատարեն: 

Ստեփանյանին հիշեցրինք, որ մեզ հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ եկել են համաձայնության, որ առաջիկաում կբարելավվեն աշխատակիցների աշխատավարձերը: Հարցին՝ արդյոք աշխատավարձերի բարձրացում եղա՞վ կամ նախատեսվո՞ւմ է առաջիկայում, տնօրենը պատասխանեց. «Որ ասեմ՝ այս ամիս կամ մյուս ամիս կարող է աշխատավարձ բարձրանալ՝ ոչ, բայց մնացած հարցերին լուծում տրվելու է: Այս պահին բժշկական ապահովագրության հարցը քննարկվում է նախարարության հետ»,- փորձեց վստահեցնել Շտապօգնության կենտրոնի տնօրենը:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Շտապօգնության կենտրոնում կրքերը չեն հանդարտվում: Բուժանձնակազմի որոշ ներկայացուցչներ մեզ պատմել էին, որ կենտրոնի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նրանից շատերին կանչում է իր մոտ, սպառնում, այնուհետև խնդրում, որպեսզի ոչ մի բողոք չարտահայտեն գործելաոճի վերաբերյալ: Նրանց պնդմամբ՝ իրենց ստորագրահավաքը ոչնչացվել է տնօրենի կողմից և վերջինս կանչում և ստիպում է լուռ մնալ՝ սպառնալով զրկել աշխատանքից: 

Սոնա Հարությունյան