«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 3 կալանավոր հացադուլ են հայտարարել: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նրա խոսքով՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներ Կարեն Հովհաննիսյանի, Վաչագան Ավդալյանի և Մուշեղ Մխիթարյանի առողջական վիճակը բավարար է։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։

«Հացադուլի դիմած կալանավորները բողոքում են իրենց քրեական գործերից, ցանկանում են, որ իրենց քրեական գործերը վերանայվեն, վերաբացվեն»,- ասաց Նավիկյանը:

Նա նշեց, որ հացադուլի դիմած կալանավորներից Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը փետրվարի 25-ից են հացադուլի մեջ, իսկ Կարեն Հովհաննիսյանը՝ փետրվարի 10-ից: