Փլուզում է գրանցվել Գյումրիի Գարեգին Նժդեհ, 7 հասցեում տեղակայված նախկին հանրակացարանում, ինչի հետեւանքով ամբողջովին քանդվել է կառույցի ոչ բնակելի հատվածը:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական վարչության եւ Շիրակի մարզպետարանի կողմից անվտանգության նպատակով տարածքը ժապավեններով առանձնացվել է:

Պարբերաբար դարձած փլուզումների հետեւանքով շենքի այս հատվածը բնակության համար պիտանի չէր, չնայած դրան եւ պատասխանատուների զգուշացումներին, երկու ընտանիք շարունակում է բնակվել վթարային կառույցում: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, բնակիչները բազմիցս զգուշացվել են շենքի վթարային եւ բնակության համար ոչ պիտանի լինելու մասին: Փլուզված շենքը ենթակա էր քանդման։

Շենքը մասնավոր է և սեփականատերը պարտավոր է քանդել այն 14 ամսվա ընթացքում, սակայն վթարային կառույցում ապրող բնակիչների անհամաձայնության պատճառով քանդման գործողություններ դեռ չեն իրականացվում: Շենքի բնակիչներին առաջարկվել է բնակարանի գնման վկայագիր, նաև տեղափոխվել սոցիալական բնակարան, նրանք հրաժարվել են` ասելով, որ չեն ցանկանում Մուշ թաղամաս տեղափոխվել: