«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը Բեռլինում հանդիպում է ունեցել «Topographie des Terrors» թանգարանի փոխտնօրեն Քլաուս Հեսսեի (Klaus Hesse) հետ:
Հանդիպմանը Քլաուս Հեսսեն ներկայացրել է իրենց թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Կողմերը երկուստեք կարևորել են հիշողության պահպանման քաղաքականությունը և այդ ոլորտում թանգարանների գործունեությունը:
Մարտի 1-ին կայացել է Հարություն Մարությանի հանդիպումը «Եվրոպայում սպանված հրեաների հուշարձան» հիմնադրամի տնօրենի տեղակալ դր. Ուլրիխ Բաումանի (Ulrich Baumann) հետ: Վերջինս հյուրին ներկայացրել է հուշահամալիրի գործունեությունը: Հարություն Մարությանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Նույն օրը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը հյուրընկալվել է «Հիշողություն, պատասխանատվություն և ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեաս Էբերհարթի մոտ:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններին: