«Մենք գործ ունենք թամանյանական ժառանգության հետ, որը պետք է չափել ոչ թե առանձին հուշարձաններով, այլ որպես մի ամբողջ համակարգ։ Թամանյանական համակարգի մեջ սա հուշարձան էր, որով էլ պետք է վերջակետ դրվեր։ Սակայն փետրվարի 8-ի որոշումով քաղաքի գլխավոր ճարտարապետը, որին բարձր լիազորություններ է տրված, միանձնյա և ապօրինի որոշել է քանդել շենքը»,- ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ճարտարապետ Արտակ Ղուլյանը, ով առաջինն ահազանգեց Խորենացի 13 փողոցում գտնվող շենքի քանդման մասին:
Նրա խոսքով՝ 2004թ.-ից ի վեր՝ 15 տարի շենքի ճակատային հատվածը պահպանվել է հենց այն պատճառով, որ ի սկզբանե նախատեսված չի եղել նրա ոչնչացումը, այլ՝ հակառակը՝ թողնվել է, որպեսզի խելամիտ ձևով ներառվի նոր կառուցապատման մեջ:
Ճարտարապետի կարծիքով՝ տեղի է ունեցել դասական «երևանյան ավերածություն», իսկ Արթուր Մեսչյանը բյուրոկրատական ցուցակների գերին է և սեփական կարծիք չունի․ «Քանի որ նա չի բարեհաճում անձամբ որևէ բացատրություն տալ, մամուլի խոսնակը պարզաբանում է, թե ինչպես է որոշումը կայացվել մասնագիտական կարծիքի հիման վրա։ Սակայն, շենքը քանդելու որոշումը կայացվել է միանձնյա՝ օրենքի խախտումով՝ քաղաքապետարանի «Քաղաքաշինության, տրանսպորտի և բնապահպանության խորհրդի» փաստացի լուծարման պայմաններում և առանց Երևանի ավագանու «Քաղաքաշինության հանձնաժողովի» եզրակացության: Քանդման անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մեկ տարի առաջ սեփականատերը փոխվել է, բայց անտեղյակներին ասեմ, որ, ըստ օրենքի, ոչ թե սեփականատերը պիտի որոշի, թե ինչ նախագիծ անել և ինչ պահպանել, այլ քաղաքապետարանի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում պիտի գրված լինի, թե ինչպիսի չափորոշիչների հիման վրա պիտի կատարել նախագիծը»,- նշեց նա:
Ըստ Ղուլյանի՝ սեփականատեր գործարարների քմահաճույքներով առաջնորդվելը այնքան է արմատավորվել մեր քաղաքաշինական պրակտիկայում, որ օրենքի նորմ է դարձել նույնիսկ քաղաքապետարանում․ «Ինչ-որ մեկն իր դրամակույտով, ախորժակով գալիս է և պարտադրում Հյուսիսային պողոտա, Տերյան փողոցի բարձրահարկեր և այլն, որն ընդհանրապես Երևանի կենտրոնի հետ կապ չունի։ Նույն կոռուպցիան, ապօրինությունը, բարձիթողի վիճակն ու կամայականությունն է, ինչն անսպասելի էր Արթուր Մեսչյանից։ Երբ Մեսչյանը նշանակվեց գլխավոր ճարտարպետ խոստացավ, որ աշխատելու է երկու տարի և ստեղծելու է այնպիսի պայմաններ, որ այլևս գլխավոր ճարտարապետի կարիք չլինի և օրենքով կարգավորվի քաղաքաշինական գործընթացը։ Բայց հենց առաջին փորձությանը ինքը խախտեց տարրական օրենքները, որոնք նախկին գլխավոր ճարտարապետները գոնե ձևական պահում էին և նրանց օրոք այսպիսի արժեքավոր շենք չի քանդվել՝ բացառությամբ երիտասարդական պալատի և փակ շուկայի»,- ասաց ճարտարապետը։
Սոնա Հարությունյան