Բելառուսի պետական համալսարանում մարտի 6-ին կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր Անդրեյ Կոռոլի (Андрей Король) հետ, որին հաջորդել է հանդիպումը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ռեկտորը ներկայացրել է համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Ա․Կոռոլը կարևորել է հայաստանյան համալսարանների, հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք արդյունավետ նախագծեր։

Հայաստանի դեսպանն ընգծել է կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Հանդիպմանն արծարծվել են  նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։

Բելառուսի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու հայ-բելառուսական հարաբերությունների հեռանկարը, պատասխանել ֆակուլտետի դեկանի, դասախոսների և գիտաշխատողների հարցերին։