ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարն ասաց, որ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, սակայն մինչ օրս հանձնաժողովը չի կազմավորվել: «Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել է հանձնաժողովի կազմավորմամբ:
«Այս առումով, հարկ է նշել, որ հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, և քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես վարչական վարույթների և համապատասխան քրեական գործերի հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրման նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը:
Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի օրենքի նորմերը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ, այսպիսով, բարձրաստիճան անձանց ցանկը հստակեցվում է: «Խնդրում եմ նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում: Ըստ էության, սրանով փորձ է արվում լուծել իրավական հնարավոր վակումն ու բացը»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այս նախագիծը ևս ընդգրկել Ազգային ժողովի մարտի 13-ի արտահերթ նիստի օրակարգում: Վարչապետը նշեց, որ այդ պրոցեսը վեցերորդ գումարման ԱԺ-ն պետք է աներ: «Չարվեց, ըստ ամենայնի, քաղաքական իրադարձությունների պատճառով, լավ կլիներ, որ արված լիներ»,-ասաց նա և հավելեց, որ նոր խորհրդարանը չի հասցրել անդրադառնալ այս խնդրին:
«Մենք խնդիր ունենք կողմնորոշվելու մեր հետագա հակակոռուպցիոն ռազմավարության հարցում, որովհետև այս առաջարկվող տարբերակին ընդդիմությունն էլ էր կողմ քվեարկել, սակայն դրան կողմ քվեարկեցինք, քանի որ հասկանում էինք, որ այդ պահին ավելին անել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, որ պետք է արձանագրել, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է լիարժեք հիմքի վրա դրվի և իրականացվի:
«Մեր միակ մտավախությունը կարող է լինել այն, որ իշխանության կառույցների մեջ դիսբալանս չառաջանա»,-հավելեց նա և նշեց, որ մինչև մարտի 30-ն է հայտարարագրերի ժամկետը: