ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստին մանրամասն ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: 

Անդրադառնալով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ նախագծով տալիս են փոքր բիզնեսի սահմանումը, ապա նշեց, որ հարկերից ազատելը աշխատանքի խրախուսման տրամաբանության և փիլիսոփայության մեջ է: 

Նա մանրամասնեց, որ մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցները կազատվեն հարկերից:  Վարչապետը նշեց, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ևս կարևորվել են այդ սեգմենտի համար ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու և հատուկ ցածր տոկոսով վարկեր տրամադրելու հարցերը:

Անդրադառնալով ռիսկերին՝ վարչապետն ասաց, որ երբ նախկինում այդպիսի շեմեր են եղել, ընկերությունները տրոհվել են: 

«Այս գործիքի նպատակը աղքատության հաղթահարման պրոցեսում քաղաքացիներին աջակցելն է, և հույս ունեմ, որ չենք ունենա այդ իրավիճակը, որ հիսուն, հարյուր միլիոն շրջանառություն ունեցողները չեն տրոհվի և դառնա տասը, քսան մինի ձեռնարկություններ և սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ ՀԴՄ-ների հարցում լինել հետևողական»,- ասաց նա: 

Վարչապետն ասաց, թե պետք է փոխեն ռեժիմը, որ անվստահության կանխավարկածով չվերաբերվեն միմյանց կառավարությունը և հասարակությունը: 

«Մենք պետք է վստահենք քաղաքացիներին, և քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը: ՀԴՄ խփել-չխփելով է որոշվելու՝ մինի ձեռնարկությո՞ւն է տվյալ բիզնեսը, թե ոչ»,- ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կլինի պոզիտիվ արձագանք:

Նա օրինակ բերեց, որ անհատ տաքսու վարորդներին ազատել են արտոնագրային վճարումներից, և հույս հայտնեց, որ նրանք այդ գումարը կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար, քանի որ յուրաքանչյուր տաքսու վարորդ Հայաստանի իմիջը ձևակերպող անհատ է:

Նա «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին կոչ արեց, որ իրենք իրենց աշխատանքին ճիշտ վերաբերեն` սկսած տաքսու մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքով:

Վարչապետն անդրադարձավ նաև ստվերային աշխատավարձերին` նշելով, որ սա կնպաստի, որպեսզի նաև ստվերից դուրս գան այդ աշխատավարձերը: 

«Հեղափոխությունից հետո 37 հազար աշխատատեղ հայտնվեց, որոնց մեծ մասը եղած, բայց չգրանցած աշխատատեղերն էին, և հույս ունեմ, որ այս պրոցեսը կշարունակվի: Մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձերը»,- ասաց նա: