Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական փոխազդեցության մոդել չունի:
Այս մասին մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերիմշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց Հայաստանի գործատուներիհանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«ԵԱՏՄ-ի շրջանակում ունենք զուտ առևտրային մոդելներ, բայց դրանք տնտեսական փոխազդեցության մոդելներ չեն: Առաջարկում եմ՝ աշխատանքային խմբի կարևոր խնդիրներից մեկը լինի դրա ստեղծման ուղղություններ փնտրելը»,- ասաց Մակարյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ տնտեսական շահերից կբխի նաև, եթե ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցի խորհրդարանի այլ հանձնաժողովների հետ:
«ԵԱՏՄ տնտեսական շահերի տեսանկյունից հանձնաժողովը պետք է համագործակցի նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ, որպեսզի կրթական խնդիրները կարողանանք ճիշտ լուծել ու ապահովել տնտեսությունը մրցունակ կադրերով»,- նշեց Գագիկ Մակարյանը:
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ-ի համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները։