«Աջ ղեկի մասին հիմնավորումները շարունակում են կասկածի տեղիք տալ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ տեղին են հնչող այն պատճառաբանությունները, որ հիմնավորումներն, ըստ էության, չունեն որևէ վիճակագրական ազդեցության գնահատական և չի էլ ներկայացվել նաև այն ժամանակ, երբ որ ընդունվել են:

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ իր համար կարևոր է հասկանալ այսօրվա կառավարության որոշումը աջ ղեկի կիրառելիության հետ կապված: Պատգամավորը շեշտեց, որ այդ մասով ոչինչ չհնչեցվեց:

Հարցին, թե արդյո՞ք զբոսաշրջիկները ևս կանգնելու են այդ խնդրի առաջ, եթե որոշեն իրենց աջ ղեկով մեքենան ժամանակավոր իրենց հետ Հայաստան բերել, Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Բնական է, որ մշտապես բախվելու ենք նման խնդրի: Հետևաբար, դրա վտանգավորության մասին զբոսաշրջիկին ևս պե՞տք է հիշեցնել, թե՝ ոչ, և ի վերջո, քանի որ վտանգավոր է, զբոսաշրջիկին ևս պետք է թույլ չտալ: Այո՛, սրանք հարցեր են և կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները հստակ չկան օրենքում»,- նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ օրենքն այս պահին թույլ է տալիս աջ ղեկը փոխարինել ձախով, այդ հնարավորությունն առայժմ գուցե վատ չէ, բայց հարցեր են առաջանում.

«Խնդիրը հետևյալն, է. արդյո՞ք պետք է աջ ղեկն ամբողջությամբ արգելել: Այն հիմնավորումը, որն արվում է վնասակարության հետ կապված՝ այդպե՞ս է, թե՝ ոչ: Այս հարցերը հիմնավորված չեն: Բոլորս հասկանում ենք, որ աջ ղեկը տեղափոխում են ձախի, ապա ներմուծում, այսինքն դա արդյո՞ք ավելի վտանգավոր չի դառնում: Ըստ իս, այդպես ավելի վտանգավոր է, սակայն շարունակում է լինել կիրառելի պրակտիկա»,- եզրափակելով իր խոսքը, ասաց Մանե Թանդիլյանը:

Սիլվի Տիգրանյան